Վրաստանում ընթանում են քաղաքապետերի եւ պատգամավորների ընտրությունները |news.am|

news.am։ Թբիլիսիում եւ Վրաստանի որոշ շրջաններում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08:00-ին. երկրի քաղաքացիները պետք է ընտրեն քաղաքապետեր եւ պատգամավորներ:

Անցկացվում են Վրաստանի խորհրդարանի եւ շրջանային սաքրեբուլոյի (տեղական խորդատվական մարմիններ)՝ Սաղարեջո, Ահմեթա, Ադիգենի, Օզուրգեթի, Չիաթուրա, Թքիբուլի, Ցխալթուբո եւ Զեսթաֆոնի շրջաններում միջանկյալ ընտրությունները. պայքարն ուղղված է յուրաքանչյուր շրջանում մեկ պատգամավորական մանդատին:

Զուգահեռաբար ընթանում են Զուգդիդի, Չիաթուրա, Խուլո, Զեստաֆոնի եւ Մարնեուլի շրջանների քաղաքապետերի արտահերթ ընտրությունները:

Այսօր տեղի ունեցող ընտրությունների ձայնի իրավունք ունի ավելի քան 402 հազար քաղաքացի, որը կազմում է 2018 թվականի վերջում նախագահական ընտրությունների ժամանակ գրանցված ընտրողների ընդհանուր թվի 11.4 տոկոսը:

Թբիլիսիում կարող է քվեարկել շուրջ 44 հազար ընտրող, որոնք Մթացմինդայի շրջանից են:

Քվեարկությունը տեղի կունենա ընդհանուր առմամբ 410 ընտրատեղամասերում:
Ընտրությունների ընթացքին կհետեւեն ավելի քան 6.1 հազար դիտորդներ 49 տեղական կազմակերպություններից եւ 47 դիտորդներ 7 միջազգային կազմակերպություններից: Գործընթացը կլուսաբանվի 45 ԶԼՄ-ների շուրջ 2 հազար լրագրողների կողմից:

Ընտրությունները կհամարվեն վավեր ընտրողների ցանկացած ծավալի մասնակցության դեպքում:

Բոլոր ընտրություններում կհաղթի թեկնածուն, որը կհավաքի ընտրություններում մասնակցած քաղաքացիների ձայների կեսից ավելին: Եթե դա տեղի չունենա, ապա վերջնական արդյունքների հրապարակումից երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը:

x