ԱՄՆ-ի նախագահն արտահայտվել է հղիության արհեստական ընդհատման օգտին՝ հակասելով Ալաբամայի օրենսդրությանը |news.am|

news.am։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներում արտահայտել է ոչ այնքան կտրուկ դիրքորոշում հղիության արհեստական ընդհատման մասին օրենքի շուրջ, որն ընդունվել էր Ալաբամա նահանգում, գրում է The Guardian-ը:

Ներկայումս Ալաբամա նահանգում արգելված են հղիության արհեստական ընդհատումները, բացի այն դեպքերից, երբ մոր առողջությանը սպառնում է լուրջ վտանգ, սակայն նախագահը հայտարարել է, որ նա բացառություն կաներ նաեւ կանանց համար, որոնք ենթարկվել են բռնաբարության եւ ինցեստի:

«Շատերին է հայտնի, որ ես միանշանակ կողմ եմ կյանքին՝ բացառությամբ երեք դեպքերի՝ բռնաբարություն, ինցեստ եւ մոր կյանքի պաշտպանություն: Նույն դիրքորոշումն ուներ նաեւ Ռոնալդ Ռեյգանը»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում նշանակվել է 105 դաշնային դատավոր եւ Գերագույն դատարանի երկու դատավոր, որոնք ունեն լիովին նոր եւ դրական մոտեցում կյանքի իրավունքի մասին:

Ավելին, նախագահը հավելել է, որ հղիության արհեստական ընդհատումների մասին օրենքը կդառնա իր նախընտրական արշավի հիմնական դրույթներից մեկը:

x