Այս բողոքի ակցիան որևէ կապ չունի որևէ կոնկրետ դատական գործի հետ. Լիլիթ Մակունց |aysor.am|

aysor.am։ Բողոքի ակցիան ուղղված է ոչ թե դատարանի դեմ, այլ արձագանք է այն հնարավոր միջամտություններին և միջամտողներին, ովքեր սխալմամբ մտածում են, որ դատարանը կարող է խամաճիկ դառնալ որևէ մեկի ձեռքին, այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Դիտարկմանը, թե բազմաթիվ կառույցներ ու քաղաքական ուժեր հայտարարեցին, որ այս քայլը ճնշում է դատարանի վրա, հակասահմանադրական քայլ է, Մակունցը արձագանքեց. «Հայաստանում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պատկանում են ժողովրդին։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ժողովրդի արձագանքն է այն խորը վստահությանը, որը կա դատական համակարգի նկատմամբ»։

Նա հստակեցրեց, որ վերջին օրերին հանրությունը տարբեր հարթակներում խորը անվստահություն է հայտնում դատական իշխանության նկատմամբ։

«Այս բողոքի ակցիան որևէ կապ չունի որևէ կոնկրետ դատական գործի հետ։ Սա ընդհանորապես դատական համակարգի նկատմամբ հանրության անվստահության արդյունքն է», - հավելեց Մակունցը՝ արձագանքելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դատական նիստի վերաբերյալ հարցին։

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ ամեն ինչի մասին կխոսի միայն վարչապետի հայտարարությունից հետո, որը սպասվում է ժամը 12։00-ին:

x