Քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի խոցելիությունը, այս համակարգի առողջացումը կարևոր քայլ է պետության համար. Հ. Մարության |tert.am|

tert.am։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում և նշել, որ Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, ապա ավելացրել, որ դատական համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է պետության համար։

«Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչը տեղի է ունեցել մեր երկրում, ինչը տեղի է ունենում Հայաստանում: Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, դատական համակարգի խոցելիությունը»,– ասել է Հայկ Մարությանը:

Երևանի քաղաքապետն ափսոսանք է հայտնել առ այն, որ այդ երևույթները շարունակվում են նաև այսօր։ «Եվ, ցավոք սրտի, ինչն է ամենահետաքրքիրը, որ այսօր շարունակվում է այդ ամենը, և մեկ տարի է՝ արդեն մենք անցել ենք մեկ այլ ռեժիմի, բայց այս մի համակարգն ուղղակի խանգարում է: Մենք ամեն օր առնչվում ենք բոլոր գործերի հետ և մեր ամեն մի քայլը իրավական մասով ինչ-որ մի խնդիր ունեցող քայլ է, և մենք ուղղակի չենք կարողանում առաջ գնալ, կանգնել ենք ու վերջ:

Մենք մեր մասով, այն ինչը չի առնչվում դատական համակարգին, համակարգը տանում ենք առաջ: Բայց սա մեծ խոչընդոտ է մեզ համար, և ես կարծում եմ, որ այս համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է մեր պետության համար»,- ընդգծել է քաղաքապետը:

x