Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է |hetq.am|

hetq.am։ Իր դեմ նախապատրաստվող սպանության փորձի գործով անցնող անձանց առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արթուր Ասատրյանը:
Ազգային անվտանգության ծառայությունը գործի քննության ընթացքում տեսանյութ է հրապարակել, որում երևում են Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող սպանության գործով երեք անձինք՝ Արտակ Այվազյանը, Վազգեն Ղաղախեցյանը և Արկադի Քոչինյանը:

Տեսանյութում չերևացող «Պիպո» անունով անձը հարցադրում է կատարում իր սպանության նախապատրաստության հանգամանքների վերաբերյալ: Ըստ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրության՝ տեսանյութը հայտնաբերվել է վերը նշված երեք անձանցից մեկի բջջային հեռախոսից:

Առևանգված անձինք՝ Արտակ Այվազյանը, Արկադի Քոչինյանը, Վազգեն Ղազախեցյանն ու ևս մեկ անձ՝ Զոհրաբ Զումաշյանը մեղադրվում են ոչ միայն Արթուր Ասատրյանին, այլև քրեական աշխարհում Օշականցի Գևորիկ անունով հայտնի Գևորգ Մելիքյանի և Զապ անունով հայտնի Անդրանիկ Սողոսյանի դեմ սպանություն նախապատրստելու մեջ: Նրանց վերաբերյալ գործն արդեն առաջին ատյանի դատարանում է, և այս գործի շրջանակներում Արթուր Ասատրյանը տուժողի կարգավիճակ ունի:

Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանի առանձնատնից հայտնաբերված ռազմամթերքի դրվագին, ապա փորձաքննություն է նշանակել և պարզվել է, որ առանձնատնից հայտնաբերվածը հրազեն է հանդիսանում ու պիտանի է օգտագործման համար:

x