Ինպես է տեղի ունենալու վեթինգի գործընթացը և ինչ չափանիշներով են ընտրվելու գնահատողները

Անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը հետաքրքրվեց վեթինգի գնահատման գործընթացից, թե ինչպես է այն տեղի ունենալու և ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն գնահատողները։ Ինչպես նաև հարցրեց վեթինգի գործըթացի և հանրային ծառայողների արդար դատաքննության իրավունքի ապահովման հարաբերակցության մասին։

«Ինչպե՞ս պետք է ապահովվի, միջազգային փորձը ի՞նչ է ցույց տալիս, ինչպե՞ս է ապահովվում դատավորների արդար դատաքննության իրավունքը, արդյոք նրանց բողոքները պետք է քննեն նույն դատական համակարգի այլ դատավորները, թե նոր մարմին պետք է ստեղծվի և ինչպես նոր մարմինը պետք է համապատասխանի դատարան հասկացությանը՝ ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի»,- ասաց նա։

Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանեց․

«Բողոքարկման իրավունքը ԵԽ անդամ պետություններից շատերում դիտարկվում է հենց վարչական արդարադատության շրջանակներում։ Եվ վեթինգի բողոքարկման գործընթացի մարմինը, որտեղ հանրային ծառայողը կամ պաշտոն զբաղեցնող անձը, որը վեթինգի է ենթարկվել, պետք է ունենա արդար դատաքննության երաշխիք, դա հենց վարչական դատարանինն է, որտեղ հակառակ կողմը պետությունն է։

Այս պահին որևէ այլ հաջողված փորձ կդժվարանամ մտաբերել։ Առավելապես խրախուսվում է, որպեսզի դատարան հասկացության տակ գործող մարմինը իրականացնի արդար դատաքննության իրավունքի իրացումը և այս առումով ամենից հաջողված փորձը վարչական վարույթներն են, որոնք Արևելյան Եվրոպայի երկրներում կիրառվել են որպես դատարան, որը պետք է այս հարցը քննի։

Անդրադառնալով հարցին, թե ինչ չափանիշներով է իրականացվում վեթթինգը, ասեմ, որ վեթթինգը իրականացվում է ստուգելու համար հանրային պաշտոն զբաղեցող անձի «ինթեգրիթին», դա կարող եք թարգմանել որպես բարեվարքություն։

Բայց բարեվարքությունը երեք հիմնական կոմպոնենտներով․ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին և գույքային դրությունը։ Երեք հիմնական չափանիշներ, երեք հիմանսյուներ, որոնց վրա կանգնած է գնահատման ինստիտուտը վեթթինգի իմաստով։ Եվ սա է, որ բարեվարքության հանրային ընկալումն է տալիս»։

x