Բոլոր դերակատարները պարտադիր պետք է ներգրավվեն այդ գործընթացում․ Կարեն Զադոյանի զեկույցը անցումային արդարադատության մասին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան, «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունները ՀՀ֊ում միջազգային փորձի լույսի ներքո» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ զեկույցով․

«Շնորհակալություն հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ

Իրավաբանների հայկական ասոցիացիան 2018 թվականի օգոստոսի 17-ի ՀՀ վարչապետի հայտնի ելույթից հետո, երբ նա հնչեցրեց, որ Հայաստանում հնարավոր է ներդրվեն անցումային արդարադատության որոշ գործիքներ, նախաձեռնվեց մի գործընթաց, որի ընթացքում երկու կարևոր խնդիրներ փորձեցինք լուծել․

առաջինը զեկույցի պատրաստումն էր «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը Հայաստանի հանրապետությունում միջազգային փորձի լույսի ներքո», երկրորդը՝ ազգային փորձագետների մասնակցությամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողովի կազմերպումն էր։

Մենք զեկույցը հրապարակել ենք շուրջ երկու ամիս առաջ, ներկայացրել ենք ՀՀ վարչապետին և ՀՀ֊ի ԱԺ նախագահին, զեկույցը մշակվել է եվրոպական միության կառուցողական երկխոսության հանձնառության ծրագրի շրջանակներում։

Զեկույցի հիմնական նպատակն է ներկայացնել անցումային արդարադատությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական, վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։

Եվ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, եթե չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն, երկրորդ՝ առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավմանը, այսինքն՝ բոլոր դերակատարները պարտադիր պետք է ներգրավվեն այդ գործընթացում, և մենք այդ գործընթացում ունենանք մաքսիմալ հնարավոր համախոհություն, ինչպես նաև այդ գործընթացի և կիրառելիք բոլոր մեխանիզմների մասին հանրային լայն իրազեկում պետք է լինի։

Եթե այս երեք նախապայմանները չլինի, անցումային արդարադատության գործիքների կիրառմամբ հնարավոր է ձեռք չբերվեն այն նպատակները, ինչ նպատակներ դրվում են։ Եվ մենք սա գիտակցելով ուսումնասիրել ենք շուրջ 35 երկրների փորձ, զեկույցը հրապարակված է, տեղադրված է մեր կայքում, ուղարկված է ԶԼՄ֊ներին շուրջ երկու ամիս առաջ։

Խոսելով զուտ գործիքներից, արդեն իմ գործընկերները նշեցին, հիմնականում այդ գործիքները չորսն են՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Քանի որ ժամանակը քիչ է և հարցերին որ ավելի շատ ժամանակ թողնեմ, ուղղակի հակիրճ կասեմ այն մեթոդաբանությունը՝ ոնց ենք մենք զեկույցը կազմել, բնականաբար, ուսումնասիրվել է իրավական, սոցիալական, տնտեսական, քաղաքական համատեքստը։ Ուսումնասիրության համար մենք ուսումնասիրել ենք այդ չորս ուղղություններով միջազգային զեկույցները, որում գնահատվել են Հայաստանին վերաբերող այդ չորս  հատվածները ու կոնկրետ զեկույցների հղումով դրել ենք, թե ինչու պետք է Հայաստանում իրականանա անցումային արդարադատությունը։

Էդ ամեն ինչը ամփոփելով, նաև ամփոփելով փորձագիտական համաժողովը, որին հրավիրել ենք հայաստանյան փորձագետներ, ի դեպ դա նաև Վրաստանի վերաբերյալ անցումային զեկույցի առաջարկն էր, որ առաջին հերթին պետք է տեղեական փորձագիտական ներուժը օգտագործվի, հասկանալ՝ ինչի է պետք անցումային արդարադատությունը, երկրորդ՝ հանրային իրազեկումները արվեն։

Դրա համար մենք էդ փորձագիտական ներուժը հրավիրել ենք, բոլոր դերակատարներին հրավերներ ուղարկել ենք, մի մասը մասնակցել է, մի մասը չի մասնակցել, բայց որևէ մեկը նույն քաղաքական ուժերից չի կարող ասել, որ մենք չենք հրավիրել, որպեսզի իրենց կարծիքն էլ այնտեղ լսենք։

Այժմ ես կփորձեմ ներկայացնել մեր առաջարկները և փորձագիտական համաժողովի առաջարկները։

ՀՀ֊ում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկություններ․

 -Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից։

-անցումային արդարադատությունը սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծեն սահմանադրությամբ ընձեռնված հնարավորությունների և երկրի կոնվենցիոն պարտավորությունների շրջանակներում։

-անցումային արդարադատության մեխանիզմեների կիրառելիության ժամանակ անհրաժեշտ է ՄԻԵԴ խորհրդատվություններից ակտիվորեն օգտվելու պրակտիկա ձևավորել։

-կիրառման ժամանակահատվածի մասին մենք գտնում ենք, որ անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018 թվականը ընկած ժամանակահատվածը։

-Կիրառման գործերի շրջանակը՝ անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակներում անհրաժեշտ է ներառել՝

ա․հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությունով հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը,

բ․ համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանցից ածանցյալ գործերը, օրինակ, 2008 թվականի մարտի մեկի վերաբերյալ գործը։

գ․ Կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը։

-կիրառման մեխանիզմները՝ քրեական արդարադատություն, ինչպես մենք գիտենք քրեական արդարադատության գործիքակազմը թույլ է տալիս ստեղծել ատհոք դատարաններ և հիբրիդային դատարաններ, երբ որ տապալված է դատական համակարգը տվյալ երկրում և ունի վերականգնման կարիք։

Մենք նաև այդ փորձագիտական համաժողովի արդյունքները ամփոփելիս գտնում ենք, որ Հայաստանում սահմանադրական լուծումները հնարավորություն են տալիս այդ հարցը լուծել տեղական ներուժով՝ մասնագիտացված դատարանների, հնարավոր է կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարաններ հիմնել, փորձագիտական համաժողովի, Վահե Գրիգորյանի կողմցի առաջարկ եղավ մարդու իրավունքների դատարան ստեղծելու։

Այսինքն, դա մեր ներպետական օրենսդրության շրջանակներում հնարավոր է լուծել և մենք առաջարկում ենք օգտագործել այդ հնարավորությունները։

Մյուս կարևոր խնդիրը՝ որպեսզի նաև հնարավորություն տանք անձանց, որոնք կուտակել են անօրինական կապիտալ, չանցնեն այդ դատաքննչական մամլիչի միջոցով, անհրաժեշտ ենք համարում քննարկել նաև օրենքի միջոցով կապիտալի ամնեստիա, մեղքի ընդունման գործարք կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցը կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ու ապօրինի հարստացածներին առաջնորդվելով և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացներով։

Մյուսը՝ անհրաժեշտ է սահմանել ավարտված կասեցված քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերը և ամենակարևորը՝ անհրաժեշտ է և դա անցումային արդարադատության քրեական արդարադատության ամենակարևոր գործիքներից մեկն է՝ ամնեստիան, անհրաժեշտ է անցումային արդարադատության մեխանիմզները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել այդ անցումային արդարադատության շրջանակներում դատապարտվելի անձանց նկատմամբ համաներում տարածելու վերաբերյալ հարցը։

Որովհետև անցումային արադարադատության քրեական արդարադատության բաղադրիչը ոչ միայն նպատակ է հետապնդում պատժել հիմնական կոռուպցիոն համակարգի ճարտարապետներին, այսինքն պետք է պատժել ընդամենը մի քանի հոգու, իսկ մնացածը դրանց զոհեր են հանդիսանում և այդ զոհերին հնարավորություն պետք է տալ նաև ամնեստիայի միջոցով, եթե նրանք կվերադարձնեն այդ գողացված կապիտալը, նաև հնարավորություն տալ այդ մարդասիրական միջանցքով դուրս գալ։

Մյուս կարևոր ուղղությունը դա ճշմարտության որոնումն է, մենք նաև փորձագիտական համաժողովի արդյունքներում առաջարկում են Հայատանի Հանրապետությունում ընդունել ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի մասին օրենք և այն գործերի շրջանակը, որ առաջարկեցինք, այդ գործերով իրականացվի փաստահավաք, որովհետև ճշմարտության հանձնաժողովները դրանք քվազի֊դատական ֆունկցիա ունենալ չեն կարող, դրանք, միջազգային փորձը ցույց է տալիս, որ փաստահավաք մարմիններ են և այդ փաստահավաք մարմինները կարող են ձևավորվել և այն ժամանակահատվածին, որը նշեցի, այդ ընթացքում հնարավոր լինի նաև բացահայտել ճշմարտությունը, որովհետև յուրաքանչյուր ժողովուրդ, երկրի քաղաքացիներ իրավունք ունեն նաև իմանալ իրական ճշմարտությունը այդ ժամանակահատվածի վերաբերյալ։

Բայց այստեղ միայն ճշմարտության իմանալու խնդիրը չէ, այստեղ հաշտեցման խնդիրն է և հանրությունը նաև պետք է այս գործիքակազմի շնորհիվ գա հաշտեցման։

Հանձնաժողովի ստեղծելու համար իհարկե մենք առաջարկում ենք չափորոշիչներ, դրանք ինթեգրիթիի/բարեվարքության տարրերի հիմքերով ձևավորված չափորոշիչներ են, պետք է լինեն անխոցելի մարդիկ, մասնագիտորեն կոմպետենտ, բարձր հաշվետվողականությամբ և թափանցիկությամբ, այդ թվում՝ ֆինանսական, էթիկայի բարձր վարքագծով և հակակոռուպցիոն բարձր վարքագծով։

Եվ բնականաբար այս օրենքը նաև ոլորտային հաշվետվություններ պետք է տա և պետք է բացահայտի ճշմարտությունը, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների գծով, ընտրակեղծիքների և այլն։

Եվ մյուսը փոխհատուցման ծրագրերն են, մենք նախատեսում ենք, որ նաև օրենքով նախատեսել փոխհատուցումներ ստանալու համար, խոսքը տուժողների, զոհեր մասին է՝ հիմքեր, այդ թվում տուժողների հստակ շրջանակ, ներառելով առանձին անհատների և խմբերի, կախված տուժողների թիրախային խմբերից, նախատեսել փոխհատուցման ծրագրեր, որոնք կներառեն նախնական իրավիճակի վերականգնում, անձնական ազատության իրավունքների վերականգնում, մասնավոր, ընտանեկան, պատվի, բարի համբավի անձեռնմխելիության և այլն, կոմպենսացիա ֆինանսական կամ համարժեք նյութական փոխհատութցումներ, անվճար բժշկական, հոգեբանական և այլ վերականգնողական ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Փոխհատուցումների տրամադրումը պետք է դիտարկել որպես համալիր իրականացվող միջոցառումներ և յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին տեղով միջոցներ հատկացնել հիշյալ անձանց կամ խմբերին փոխհատուցում տրամադրելու համար։

Խորհրդանշական միջոցներ կիրառել հրապարակային ներողությունների հայցման, հիշատակի օրերի սահմանման, անհրաժեշտության դեպքում հուշակոթողների, թանգարանի կառուցման, ցուցադրությունների կազմակերպման և այլ միջոցներով»։



x