Պետության զավթվածության մասին է խոսքը․ Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ելույթ ունեցավ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա ելույթը ամբողջությամբ․

«Ուզում եմ ողջունել և հայտնել, որ առաջին կարևոր հանգամանքը այս լսումների մասին որոշումը կայացվել էր մինչև հայտնի վերջին դատարանի որոշումը, որպեսզի մեկը մյուսի հետ չկապվի և քաղաքական շահարկման թեմա չհանդիսանա։ Սա մեկ։ Երկրորդը, ես կուզենայի մի քանի կարևոր հանգամանքների վրա ուշադրություն դարձնել։

Ինչու՞ համար ենք մենք խոսում այս թեմայի մասին։ Առաջին հիմնարար դրույթ՝ պետության զավթվածության մասին է խոսքը։ Այստեղ այս դահլիճում կան մարդիկ, որոնք երեք /պայմանական եմ ասում/ նախագահության օրոք էլ ունեցել են խնդիրներ արդարադատության հետ։ Ես գտնում եմ, որ չպետք է ունենանք չորրորդ իշխանությունը, որի օրոք նույնպես ունենանք քաղաքական հետապնդումներ կամ անարդարություն կամ պետության զավթվածության խնդիրները։ Եվ դրա համար կան բոլոր նախադրյալները։

Մարդիկ չպետք է հետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է սեփականազրկվեն կամ սպառնալիք ստանան, որ կարող են սեփականազրկվել իրենց քաղաքական հայացքների համար, մարդիկ չպետք է խոշտանգվեն, մարդիկ չպետք է սպանվեն և երկրում չպետք է լինի անպատժելիությունը։

Անպատժելիությունը եղել է շարունակական, եղել է համակարգային, ըստ քաղաքական պատկանելիության։ Սա պետք է ամրագրել։ Սա ի պատասխան այն բոլոր հարցերի, թե արդյո՞ք պետք է, թե պետք չի։ Սա Հայաստանն է, սա Բուրկինա֊Ֆասոն չի։ Ես նկատի ունեմ, որ էստեղ չի եղել քաղաքացիական կռիվներ, էթնիկ կոնֆլիկտներ, բայց ունեցել ենք մեր խնդիրների շարքը և դրա համր եմ առանձնացնում։

Դրա համար ավտորիտար՝ կոնսոլիդացված ավտորիտար, անպատժելիության համակարգ հանդիսացած կառավարման համակարգից պետության նկատմամբ վստահություն ունեցող կամ վստահելի պետություն ունենալու անցման համար պետք է ձևավորվեն մարմիններ, այսինքն վստահելի մարմիններ։

Առաջինը արդեն ունենք՝ Ազգային ժողովը, ունենք կառավարությունը, մնում է արդարադատությունը։ Բայց արդյո՞ք մենակ արդարադատությունը։ Ես գտնում եմ, որ հիմնարար վստահության խնդրի ակունքը իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի ապահովումն է։ Դուք մի մտածեք, որ պետությունը զավթվել է միայն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ իրենց խմբի կողմից, ենթադրենք օրենքները լավն են եղել ու իրանք թույլ չեն տվել այդ օրենքները աշխատեն։

Ձեզ վստահեցնում եմ, որ օրենսդրության և սահմանադրության մակարդակով է պետությունը զավթված եղել։ Օրենսդրական այնպիսի, սահմանադրական այնպիսի մեխանիզմներ են դրված եղել, որ հնարավորություն չէր տալիս, որպեսզի մենք կարողանանք իշխանություն ձևավորենք, արդարադատություն ակնկալենք։ Այսինքն էստեղ վեթինգի կամ զտման կամ գնահատման մեխանիզմը դա կլինի ընդամենը ֆրագմենտալ առանձին բնագավառ, որը չի բերելու այն ենթադրելի արդյունքին, որ մենք ենթադրում ենք։

Ուրեմն այդ պատճառով շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը։ Անպատժելիությունը կշարունակվի քանի դեռ մարդու դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն չեն կրել, սա մեկ, երկրորդը՝ քանի դեռ մարդիկ, ում իրավունքները խախտված են եղել, արժանապատվությունը նվաստացված է եղել, դրանք չեն ճանաչվել պետության կողմից, որ այլևս այդպես չի կարելի, և մարդիկ չեն ստացել փոխհատուցում։

Եվ չի լինելու վստահելի պետություն, քանի դեռ ապօրինի հարստացման հիմքով ձեռք բերված ռեսուրսները դեռևս գտնվում են այն մարդկանց ձեռքերում, ովքեր կարող են ցանկացած ժամանակ որպես քաղաքական կապիտալ օգտագործել ընդդեմ ժողովրդավարական և իրավական պետության ձևավորման ճանապարհին։

x