Երբ Ռ․ Քոչարյանն ազատվեց, ինձ մոտ տպավորություն էր, որ անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն․ Լևոն Զուրաբյան

Սիրելի՛ ժողովուրդ, թույլ տվեք իմ ելույթը սկսել մի անմեղ բառախաղով․ երբ Ռոբերտ Քոչարյանը ազատվեց վերջերս ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ մենք Հայաստանում անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն։ Այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։ 

«Որ Հայաստանում արդարադատությունը անցողիկ չլինի, որ մենք ունենանք անցումային արդարադատություն՝ լուրջ և արդյունավետ, նախ և առաջ պետք է հասկանանք՝ ինչ ենք մենք դրա տակ հասկանում, և որն է առանցքը այդ արդարադատության՝ հատկապես Հայաստանի իրավիճակի համար։ Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, որ խնդիրը հակամարտության մեջ է, որը տեղի է ունենում հասարակության և պետության մեջ, որովհետև մի երկրում, եթե պետական իշխանությունը տարիներ շարունակ սպանում է մարդկանց, ծեծում է մարդկանց, ունեզրկում է մարդկանց, ոտնահարում նրանց իրավունքները ամեն քայլափոխի, դա դառնում է հակամարտություն հասարակության և պետության միջև»,- իր ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը։

Նա նշեց, որ անցումային արդարադատության ամբողջ նպատակը պետք է լինի այդ հակամարտության հաղթահարումը։ «Երբ մենք ասում ենք հաշտեցում, ես, օրինակ, համաձայն չեմ, որ էդ հաշտեցումը պետք է լինի գիշատիչների հետ, ինչպես էստեղ շատ հաճախ առաջարկվում էր։ Հաշտեցումը պետք է լինի քաղաքացու և պետության միջև։ Այսօր մենք ունենք ընդամենը զինադադար, և այդ զինադադարը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը այսօրվա իշխանությանը դեռ վստահում է և ակնկալիքներ ունի, որ այս իշխանությունը նրան կտանի պետության հետ հաշտեցման ուղով»,-ասաց Զուրաբյանը՝ ավելացնելով, որ զինադադարից կայուն համերաշխության և խաղաղության անցնելու համար պետք է հասկանանք հետևյալը․ «Մարտի մեկի զոհերի ծնողները, այստեղ ներկա են, ի դեպ, և մենք՝ ամբողջ հասարակությունը, երբեք չի հաշտվի այս պետության հետ, եթե Ռոբերտ Քոչարյանը և իր հանցակիցները չկրեն արժանի պատիժը»։

Լևոն Զուրաբյանը ելույթը եզրափակեց՝ ասելով․ «Վիրավորված և հաշմանդամ դարձած Արթուր Ավագյանը, Անդրանիկ Հարությունյանը, Խաչիկ Դավթյանը երբեք չեն հաշտվի մեր պետության հետ, եթե պետությունը չզբաղվի իրենց ապաքինմամբ և չփոխհատուցի կրած վնասները։ Այստեղ ներկա քաղբանտարկյալներ Ժորա Սափեյանը, Պետրոս Մակեյանը, ինչպես նաև Աշոտ Մանուկյանը, Գրիգոր Ոսկերչյանը և բազմաթիվ այլ մարդիկ չեն հաշտվի այս պետության հետ, քանի դեռ նրանց ակնհայտ անարդար վճիռները շրջված չեն և բոլոր դատավորները, ովքեր այդ վճիռները կայացրել են, պատժված չեն քրեական կարգով։ Եվ աշխատանքից զրկված, այստեղ Ավետիս Ավետիսյանն է նստած, չի հաշտվի, Գևորգ Գևորգյանը, ումից Հովիկ Աբրահամյանը մարտի մեկից հետո խլել է իր ավազահանքը՝ 60 հազար դրամ փոխհատուցելով ընդամենը, չի հաշտվի այս պետության հետ, քանի դեռ իր իրավունքը վերականգնված չի»։

x