Առանց հասարակության լայն շրջանների աջակցության՝ անցումային արդարադատության իրականացմանն ուղղված ջանքերը դժվար թե հաջողություն ունենան․ Նարեկ Ներսիսյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում անդրադարձավ վեթթինգի չափորոշիչներին՝ նշելով․


«Կարծում եմ՝ որ, Վեթթինգ իրականացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները․

● հետաքննվող անձանց տեղեկություն տրամադրելու և մեղադրանքներին պատասխանելու հնարավորությունը,
● հետաքննվող անձանց աշխատանքից հեռացնելու արգելքը՝ կապված քաղաքական,
կուսակցական դիրքորոշումներ արտահայտելու հետ,
●հասարակության իրազեկվածությունը վեթթինգն իրականացնող մարմնի վերաբերյալ՝
այն ստեղծելու առաջին իսկ օրերից, պետք է ապահովել՝
● վեթթինգ իրականացնող մարմնի գործունեության թափանցիկությունը և
հաշվետվողականությունը,
● վեթթինգ իրականացնող մարմնի անկախությունը և աշխատողների աշխատանքի
ընդունման չափորոշիչները և մրցութային կարգը,
● ներքին ընթացակարգերի ընդունումը, որոնք հնարավորություն կտան վեթթինգ
իրականացնող մարմնին տեղեկություններ հավաքագրել քաղաքացիական
հասարակությունից,
● որոշումներ ընդունելու չափորոշիչների սահմանումը,
● մեդիայի և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը,
● այն կազմակերպությունների և բաժինների նկատմամբ վերահսկողության
իրականացումը, որոնց գործունեության վերաբերյալ առավել մեծ թվով բողոքներ են
ստացվել,
● հանրային իշխանության ծառայողների ճշգրիտ ցանկերի նախապես հրապարակումը,
● արդյունավետ հանրային հաղորդակցության ապահովումը,
● հանրությանը և Ազգային Ժողովին կանոնավոր կերպով հաշվետվության ներկայացումը,
● վեթթինգ իրականացնող մարմնի աշխատողների բարձր մասնագիտական
պատրաստվածությունը, անաչառությունը և բարեխղճությունը»։

Նա նշեց, որ վեթթինգի իրականացման համար անհրաժեշտ ստուգման չափանիշն է բարեվարքությունը, որն իր մեջ ներառում է մասնագիտական, հաշվետվողականության, հակակոռուպցիոն վարքագծի, Էթիկայի բաղադրիչները:

«Կարծիք կա, որ վեթթինգի կիրառման համար բավարար է միայն այն հանգամանքը, երբ ՀՀ դատարանի կողմից կայացրած դատական ակտերի դեմ բերված բողոքների ուսումնասիրության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ կողմից Մարդու իրավունքերի և Հիմնարար Ազատությունների խախտումներ: Գտնում եմ, որ այդ հանգամանքը բավարար չէ, և պետք է դիտարկվի միայն հիշատակված բաղադրիչների համատեքստում»,- ասաց Նարեկ Ներսիսյանը:

Նա նշեց, որ, ընդհանրապես, արդյունավետ անցումային արդարադատության համակարգ ձևավորվելու համար կարևոր է՝ ակնհայտ և անկեղծ պատրաստակամությունը, որի մասին նախապես ծանուցվում է հասարակությունը, հակառակ դեպքում առանց հասարակության լայն շրջանների աջակցության անցումային արդարադատության իրականացմանն ուղղված ջանքերը դժվար թե հաջողություն ունենան, և այս պարագայում միջազգային աջակցությունն էլ կարող է արդյունավետ կամ բավարար չլինել։

«Վեթթինգի իրականացման նպատակով չպետք է բացառենք նաև քաղաքացիական հասարակության, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործուն մասնակցությունը, որոնք կարող են աջակցել է կառավարությանը վեթթինգի և ընդհանրապես Անցումային արդարադատությանը վերաբերող օրենսդրության մշակմանը և կիրառմանը՝ ցուցաբերելով փորձագիտական օժանդակություն և իրականացնելով հանրային մոնիթորինգ»,- իր ելույթը եզրափակեց Նարեկ Ներսիսյանը։

x