Պետք է անցյալի, նաև ներկայի իրավաքաղաքական գնահատականը տրվի, նոր որոշվի բուժման մեթոդաբանությունը․ Վարուժան Ավետիսյան

Մեր հանրային պետական օրգանիզմը հիվանդ է և բուժման կարիք ունի, և քանի որ բժիշկը, որը ինստիտուցիոնալ առումով նախատեսված է այդ օրգանիզմը առողջ պահելու և բուժելու համար, ինքն է ախտերով և արատներով լցված, այդ պատճառով սուվերենն ինքը պետք է վերցնի իր ձեռքը իրավիճակի կարգաբերությունը և ստանձնի բժշկի դերը։ Հենց սա է անցումային արդարադատությունը։ Այս մասինասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը` ԱԺ-ում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Պետք է անցյալի և ինչու չէ նաև ներկայի իրավաքաղաքական գնահատականը տրվի, նոր դրա հիման վրա որոշել բուժման մեթոդաբանությունը, ինչ միջոցներ պետք է կիրառվեն։ Մեր կարծիքով, անցյալի իրավաքաղաքական գնահատականը հետևյալն է, որ դավադիրները, ղեկավարվելով անձնային և կլանային շահերով, համախմբվել են, ստացել են դրա համար օտարի օգնությունը և ուղիղ դիտավորությամբ զավթել են պետությունը՝ ձևավորվելով որպես հանցավոր համագործակցություն, ստանձնել են ամբողջ հանրային պետական օրգանիզմի կառավարությունը և սկսել են պետությունը ծառայեցնել որպես իրենց հանցագործությունների գործիք՝ հետապնդելով անձնական և կլանային շահերը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքերով՝ դրա դիմաց նաև ստացել են օտարի աջակցություն և, փաստորեն , ազգային շահերի հաշվին սպասարկել են օտարի շահերը։ «Սա մի վիճակ է, երբ պետք է կիրառվեն ամենաարմատական, ամենախորքային և ամենահամակարգային փոփոխությունները՝ ընդգրկելով ոչ միայն պետության ներսը, այև նաև իր արտաքին հարաբերությունների համակարգը, որովհետև մենք կիսագաղութացված վիճակում ենք և պետք է նաև ապագագաղութացվենք»,- ասաց նա։

Ավետիսյանը նշեց, որ միայն այսպիսի ծավալի և խորության փոփոխությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքի, հակառակ պարագայում տեղում կդոփենք։ «Իսկ թե ինչպիսի գործիքարան պետք է կիրառվի, ինչպիսի անցումային արդարադատություն պետք է կիրառվի, մեր պարագայում ակնհայտ է՝ ամբողջ գործիքարանը, բոլոր բաղադրիչները, այդ թվում քրեական արդարադատությունը, լյուստրացիան՝ քաղաքական, տնտեսական»,- ամփոփելով իր ելույթն ասաց Վարուժան Ավետիսյանը։

x