Երբ խորհրդային հասարակարգից անցնում էինք ժողովրդավարական պետության, քաղաքական և իրավական գնահատականը պետք է տրվեր․ Զարուհի Մեջլումյան

Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ Զարուհի Մեջլումյանը։ Նա մասնավորապես ասաց․

«Շատ է խոսվում անցումային արդարադատությունից՝ որպես անցումային գործիքի, և խոսվում է՝ երբ պետք է սկսել, ուշացած է, ուշացած չէ, հասունացել է, թե դեռ չի հասունացել։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մենք 28 տարի ենք ուշացել, որովհետև մեկ ֆորմացիայից անցումը մեկ այլ ֆորմացիայի ևս կարևորվեց, երբ խորհրդային հասարակարգից անցնում էինք ժողովրդավարական իրավական պետության, անշուշտ քաղաքական և իրավական գնահատականը պետք է տրվեր, որովհետև ՊԱԿ֊ի քննիչները, օրինակ, մեկ օրում դարձան դատավորներ»,- ասաց Մեջլումյանը։

Նա կարծում է՝ հնարավոր էր նույնիսկ իրավագիտության ֆակուլտետն ավարտելուն պես երիտասարդներ նշանակել նոր դատավորներ․ «Եվ թերևս միգուցե այս խնդրի առջև մենք կանգնած չլինեինք մոտ երեսուն տարի անց։ Ինքս՝ որպես իրավագետ, իմ մագիստրոսական թեզի աշխատանքը կատարեցի դատական սխալների թեմայով, մի թեմա, որը նույնիսկ գիտական ուսումնասիրության նյութ չէր դարձել երբևէ, այսինքն մենք գիտական տեսական դաշտում ևս հերքում ենք, որ հնարավոր են դատական սխալներ, այն էլ ճակատագրական սխալներ»,- ասաց լրագրողը։

Նա հավելեց, որ իր ուսումնասիրության նյութը դարձան Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և փորձագետների հետ միասին 1991-2016 թվականների քրեական գործերը, որոնք պատժի առավելագույն չափի դատապարտվածների գործերն էին։

«Մի բան ասեմ, կթվա, թե ես ձևական ինչ֊որ բան եմ ասում, բայց այնուամենայնիվ ձևը նախանշում է նաև համապատասխան բովանդակություն։ Դատավճիռները կայացված էին, բլանկը փոխված չէր՝ հանուն հայկական սովետական սոցիալիստական հանրապետության։ Եվ պատկերացրեք 95 թվականի գործ, 96 թվականի գործ։ Այնուամենայնիվ, 1961 թվականի քրեական օրենսգրքով էին և քրեական դատավարության օերնսգրքերով։ Չեմ խոսում ինքնախոստովանական ցուցմունքների առատության մասին, Վիշինսկու ասած՝ ինքնախոստովանական ցուցմունքը դեռևս ապացույցների թագուհին էր, մարդը հերիք է ընկներ ոստիկանական բաժանմունք, նա արդեն իսկ պատժողական քաղաքականության մաս էր դառնում, շահառուն էր դառնում և, բնականաբար, դատապարտումը առկա էր»,- նշեց Զարուհի Մեջլումյանը։

Նրա խոսքերով՝ այս գործերով դատավորները, թեպետ որոշ դատավորներ արդեն ողջ չեն, այնուամենայնիվ, մարդիկ կան, ովքեր 20-25 տարի և ավելի շարունակում են կրել պատիժներ։ «Մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը։ Տեսեք, տառացիորեն երեկ ես տեսա, որ ԱՄՆ֊ում դարձյալ 3-4 դատական ակտ է բեկանվել, դրանք դատավճիռներ էին, որոնք կայացվել էին 33, անգամ 40 տարի անց։ 200֊ամյա դատարնները ընդունում են սեփական սխալները, մարդիկ մաքրում են իրենց ճակատից մարդասպանի խարանը, օրինակ, ծանրագույն հանցագործի խարանը և դուրս են գալիս հասարակություն։ Հասարակությունը սխալմամբ նրանց համարել էր հանցագործ։ Ուսումնասիրել ենք Անգլիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Իսրայելի փորձը, ներկայացրել ենք նաև ազգային ժողով, պատրաստակամ ենք ևս ներկայացնել այդ փորձը՝ ինչպես են ստեղծվել հանձնաժողովներ այդ երկրներում և ինչպես է արդյունավետ գործել այդ համակարգը»,- ամփոփելով իր ելույթն ասաց Մեջլումյանը։

x