ՏԿՏՏ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցություն հաստատելու և ընդլայնելու ցանկությունը։

Հակոբ Արշակյանը, ներկայացնելով հայկական ինժեներական կազմակերպությունների ներուժը, նախանշել է մի շարք ուղղություններ, որոնցում իրատեսական են իտալական ընկերությունների հետ հետագա գործակցության հնարավորությունները արհեստական բանականության, ռոբոտաշինության, առանց վարորդի մեքենաների թեստավորման, թվայնացման և մի շարք այլ ծրագրերում։

Դեսպանը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իտալիայում հետաքրքիր շատ նախագծեր կան. ակտիվ զարգանում են ստարտափները, իսկ տեխնոլոգիական ոլորտի փիլիսոփայությունը «Խելացի քաղաքն» է («smart city»): Դեսպանը նախարարին ներկայացրել է նաև Միլանի տեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ձևավորված գործակցությունը, տեղեկացրել, որ առաջիկա օրերին Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկն այստեղ վարպետություն դաս կանցկացնի «Smart city» թեմայով՝ ներկայացնելով իտալական փորձը:

Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

ՏԿՏՏ նախարարություն

 

x