Պատմական Եղեգիս քաղաքը շարունակում են քանդել ավելի ինտենսիվ, թեպետ առկա է քարհանքի աշխատանքը կասեցնելու գրություն. ահազանգ (տեսանյութ) |tert.am|

tert.am: Վայոց Ձորի մարզի պատմական Եղեգիս քաղաքում շարունակում է ծանր տեխնիկա աշխատել՝ չնայած համայնքապետարանից և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված գրության, որ պետք է կասեցնել հնավայրում քարհանքի աշխատանքը, մինչև տեղանքին կարգավիճակ կտան. ահազանգում է մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը, ով հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել և զարմացել հնավայրում տեղի ունեցող նման մասշտաբի ավերածություններից:

Մարատ Զաքարյանը նշեց, որ տարածքում երեսուն տարի շարունակ գործող արտադրամասը հանքից քարերը վերածում է ավազի։ 80-ականներին Եղեգիս քաղաքի ծայրամասում քարհանքի շահագործման իրավունք են տվել, ընդորում՝ դա տվել է Մելանյա Դովլաթյանը, ով այն ժամանակ գործկոմի նախագահ է եղել և Սովետական միության փլուզումից հետո գործկոմից միանգամից տեղափոխվել է մարզային հուշարձանների պահպանության կոմիտե և մինչև այսօր այնտեղ է աշխատում: «30 տարուց ավելի է հնավայրը քանդում են՝ քաղաքի պարիսպները, ինչ պատահի, կիրճի կողմից քանդել՝ հավասարեցրել են»,-ասաց նա:

Մարատ Զաքարյանը նշեց, որ մեկ ամիս առաջ ահազանգել է Վայոց Ձորի հուշարձանների պահպանության մարզային գրասենյակի պետ Մելանիա Դովլաթյանին, ապա հուշարձաների պահպանության երևանյան գրասենյակին, Մշակույթի նախարարությանը, ԶԼՄ-ներին և կարծել է, թե սայլը տեղից շարժվեց, քանի որ ինքն իր դիմումներին ի պատասխան գրություն էր ստացել աշխատանքները կասեցնելու մասին և ենթադրել, որ նման գրություն ստացել են նաև հանքի շահագործողները:

«Հուշարձանների պահպանության երևանյան գրասենյակից ինձ ասացին, որ պատմական այդ քաղաքը կարգավիճակ չունի որպես հատուկ պահպանության գոտի, չնայած համայնքապետարանում դա որպես հատուկ պահպանման տարածք է նշված: Բայց իմ դիմումներին որպես արձագանք գրություն են ուղարկել և՛ համայնքապետարանից, և՛ հուշարձանների պահպանության երևանյան գրասենյակից, որ կասեցնել քարհանքի աշխատանքը, որևէ գործողություն չծավալել, մինչև կարգավիճակ կտան, հատուկ ցուցանակ կտեղադրվի և այլ գործողություններ կկիրառվեն: Ենթադրվում է, որ նման գրություն ստացել է նաև քարհանքի սեփականատերը, նաև մարզային հուշարձանների պահպանության տնօրեն Մելանյա Դովլաթյանը, բայց ոչ մի քայլ չեն ձեռնարկում և շարունակում են քանդել ավելի ինտենսիվ, ահավոր կերպով, մեքենան մեքենայի հետևից քանդում է, ավիրում են համատարած»,-ասաց նա:

Ավելին՝ tert.am-ում։

x