Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կառավարությունը լինելու է ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող. Զարուհի Բաթոյան |tert.am|

tert.am։ Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության ուղղությամբ իրականացվող գործողություններում կառավարությունը ոչ թե արձագանքող, այլ նախաձեռնող է լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համաժողովին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Կարծում եմ՝ բավականին շատ անելիք կա Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց աջակցության և խնդիրների լուծման ուղղությամբ: Այս իմաստով շատ կարևոր է բոլոր գործընկերների համագործակցությունը, առաջին հերթին միջգերատեսչական համագործակցությունն եմ կարևորում, որովհետև սա միայն մեկ կառույցի խնդիր չէ:

Չկա այնպիսի երկիր, նույնիսկ եվրոպական զարգացած երկրներում, չկա այնպիսի հասարակություն, որտեղ նման խնդիր չլինի: Ընտանեկան բռնությունը խնդիր է բոլոր հասարակությունների համար: Պետությունը չի կարող աչք փակել և անտեսել այս խնդիրը»,- նշեց նախարարը:

Զարուհի Բաթոյանը նաև կարևորում է պետական աջակցության ծավալների մեծացումը՝ բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման, ինչպես նաև կանխարգելման ծրագրերի իրականացման առումով:

Ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում ընտանեկան բռնության կանխարգելման հարցում դրական տեղաշարժ կա՝ հանրային իրազեկվածության բարձրացման և հավասարության գիտակցության առումով. «Հանրային կրթությունը, հանրային իրազեկությունը կարևոր է, մենք պետք է ավելի շատ խոսենք մեր քաղաքացիների հետ, որպեսզի կարողանանք ճանապարհներ գտնել բռնությունը վերացնելու, անհատ քաղաքացիների երջանկությունն ապահովելու, ընտանեկան համերաշխությունն ապահովելու նպատակով»:

Ավելին՝ tert.am

x