Կապանի օդանավակայանի համար կներկրենք երկու օդանավ. Երեւանից Տաթեւ կտեւի 50 րոպե. «Armenian helicopters»-ի տնօրեն Արսեն Մանուկյան |news.am|

news.am: Ունենալով տեղեկություն, որ մարզում նախատեսվում են շահագործման հանձնել Կապանի օդանավակայանը, մենք նախապատրաստվում ենք թույլտվություններ ստանալուց 2 ամիս հետո ներկրել 2 օդանավ, արդեն՝ 5-6 տեղանոց, որը կլինի բիզնես դասի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, , «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին հայտարարեց ‘Armenian helicopters’ ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի քայլերով Սյունիքի մարզը բոլորի համար դառնում է ավելի հասանելի. «Մենք հնարավորություն ենք ընդձեռում գործարարներին համագործակցել եւ իրականացնել հատուկ բնույթի չվերթներ։ Նմանատիպ հաջողված փորձ ձեռք բերեցինք Առողջապահության նախարարության Էրեբունի բժշկական կենտրոնի հետ համատեղ։ Արդեն 2 ամիս է, մենք չվերթներ ենք իրականցնում շտապօգնության նպատակներով։

Հատուկ բնույթի չվերթների շրջանակներում՝ կարելի է առանձնացնել գործարարների համար այնպիսի չվերթներ, ինչպիսիք են, օրինակ ընդերքի զոնդավորման աշխատանքները, քարտեզագրման նկարահանումների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող չվերթները եւ այլն»,- ասաց Մանուկյանը եւ պատմեց, որ հիմա իրենք թռիչքներ են իրականացնում դեպի Թբիլիսի, Վան, Ղարս, Էրզրում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ողջ տարածքում:

«Այս տեսանկյունից մենք լավ առաջարկություն ենք ներկայացնում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին՝ առաջարկելով անհատական տուրիստական երթուղիներ մշակել այս չնաշխարհիկ բնություն ունեցող եւ պատմամշակութային վայր ունեցող Սյունիքի մարզում։ Դա կրճատում է ժամանակը ճանապարհի վրա ծախսելով, օրինակ՝ Երեւանից Տաթեւը ժամանելով 50 րոպեի ընթացքում»,- ասաց ընկերության տնօրենը եւ ներկայացրեց, թե ինչ ուղաթիռներ են ներկրել.

«Մենք բարդ ու դժվար նախապատրաստական աշխատանքներ անցնելուց հետո նախորդ տարի իրավունք ստացանք շահագործելու ուղաթիռներ Հայաստանում, եւ այժմ շահագործում ենք ամերիկյան արտադրության «Robinson R66» տիպի ուղաթիռը նախատեսված 4 ուղեւորի համար, եւ «Airbus» ընկերության արտադրած «H130» եւ «H125» ուղաթիռները համապատասխանաբար 5 եւ 6 ուղեւորների համար»,- ասաց Մանուկյանը եւ վերջում ներկաներին առաջարկեց՝ գնալ եւ ուսումնասիրել դրսում կայանված ուղաթիռները։

x