Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել. քաղաքապետը՝ «Սանիթեք»-ին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է:

«Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը:

Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի ևս առնվազն 20 աղբատար: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը հերթական անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, թարմացնել ավտոպարկն ու ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակը:

«Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել: Իրապես, բացի նոր բերած 200 աղբամաններից, ես քաղաքում չտեսա մի աղբաման, որը կարող էինք թողնել: Բոլորը փոխելու ենթակա են: Մենք ձեզանից ունենք նամակ, համաձայն որի 1500 աղբաման պետք է բերվեր և կար ստույգ գրաֆիկ դրա հետ կապված: Եվս մեկ անգամ կհորդորեմ, որ բերեք նոր աղբամաններ, նոր ավտոմեքենաներ, որպեսզի կարողանաք սպասարկել Երևանը: Այս պարկով, այս աղբամաններով Երևանը հնարավոր չէ բավարար կերպով սպասարկել»,– ընդգծել է քաղաքապետը:

Զեկուցվել է նաև, որ աղբատար մեքենաների բնականոն և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ:

«Կարծում եմ՝ սա լավագույն այն օրինակն է, թե քաղաքային իշխանություններն ինչպես են ստեղծում պայմաններ, որպեսզի բոլոր ընկերություններն աշխատեն հանգիստ և նորմալ: Խոսքը միայն «Սանիթեք» ընկերության մասին չէ, կան հարյուրավոր ընկերություններ, որոնք օգտվում են աղբավայրից», – ասել է քաղաքապետը»,- ասված է հաղորդագրությունում:

 

x