Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը. Արարատ Միրզոյան

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում.

«Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման եւ Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար:

Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը եւ Ձեր սիրելի քաղաքը միմյանցից բաժանող բեռլինյան պատը: 1989 թվականի նոյեմբերի 9-ին Արեւելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերի 3-ին եւ նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ: Աշխարհն ուրախ է կրկին միասնական եւ դինամիկ Գերմանիա տեսնելու:

«Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված եւ նշված են նրա խոսքերը. «Այն ճնշումը, որ ես 1987 թվականին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց երկու տարի անց»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության, հանգեցրին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով:

Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը եւ զարգացնենք դրա արդյունավետությունը: Այս առումով կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը:

Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

Մենք բարձր ենք գնահատում նաեւ Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում եւ աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում:

Մեր երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են:

Հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները:

Հուսով եմ, որ Բեռլինը եւ մեր 2800-ամյա մայրաքաղաք Երեւանը կկարողանան համատեղ համագործակցության ծրագրեր մշակել՝ միմյանցից սովորելու եւ փորձի փոխանակման համար: Երեւանի նորընտիր իշխանությունների համար, վստահաբար, օգտակար կլինի Բեռլինի փորձը քաղաքային կառավարման եւ քաղաքային տնտեսության կայուն զարգացման համատեքստում:

Մեծարգո տիկին Շմիդ, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բարդ եւ պատասխանատու գործունեության ընթացքում` ի բարօրություն Բեռլինի քաղաքացիների»:

ՀՀ կառավարություն

 

x