Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Վալերիյ Օսիպյանը նախ շնորհակալություն հայտնեց «Վերջին զանգի» օրը սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով իր գոհունակությունը փոխանցել ենթականերին։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Օսիպյանն անդրադարձավ հասարակություն-ոստիկանություն վստահությանը՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ճանապարհային ոստիկանության դերը։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու համարձակ՝ հանդուրժողականություն չցուցաբերելով իրավախախտների նկատմամբ։ «Հաշվի չառնեք իրավախախտ վարորդի ո՛չ դիրքը, ո՛չ կարողությունը, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնը․ ստեղծված իրավիճակում բոլորը հավասար են օրենքի առջև»,-շեշտեց ոստիկանության պետը։ Խոսելով կոռուպցիոն դրսևորումների արատավորության մասին՝ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ հանձին ճանապարհային ոստիկանների՝ իրավիճակի պահանջներից ու տրամաբանությունից շեղվողներ չեն լինի։

Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ շեղվողները խստագույնս կենթարկվեն քրեական պատասխանատվության՝ անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից։

Խորհրդակցությանը քննարկման առարկա դարձավ նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը։ Կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու առումով Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց բազմակողմանի վերլուծել մահվան ելքով բոլոր պատահարները, յուրաքանչյուր դեպքով վեր հանել վթարը ծնող պատճառները և գործնական քայլեր ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ՝ ակտիվ համագործակցելով խնդրով մտահոգ պետական ու ոչ պետական մարմինների հետ։ Առանձին քննարկման առարկա դարձավ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։
Այս առումով ևս ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ճանապարհային ոստիկանության աշխատանքը՝ խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ձեռք բերվածով բավարարվելը անթույլատրելի է համարում․ իր համար ընդունելի տարբերակը օր օրի ավելի որակյալ, ավելի գրագետ, ավելի անխոցելի և համարձակ ճանապարհային ոստիկանություն ունենալն է․ դա բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից։

x