Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող կմտնի բենզինի շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացման․ Տ․ Ավինյան |tert.am|

tert.am: Կառավարության կամ տարբեր գերատեսչական մարմինների կողմից ներկայացված տարբեր փաստեր չեն համապատասխանում իրար․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Նա օրինակ բերեց բենզինի շուկան և ասաց, որ Կառավարության զեկույցում գրված էր, որ մոնոպոլիստական դիրքը 49%-ից 29%-ի է հասել է, իսկ ՊԵԿ-ի զեկույցում հակառակն է՝ տոկոսային մասնաբաժինը 52,6-ից 58,2 է դարձել։

Մյուս օրինակը վերաբերում էր դեմոգրաֆիկ վիճակին։ Նա ասաց, որ Կառավարության կողմից ներկայացվում է, թե դրական տեղաշարժ է եղել, որ ծնունդներն ավելի շատ են մահերից, մինչդեռ ԱՎԾ-ն ասում է, որ առաջին եռամսյակում բնակչության թիվը նվազել է 7200-ով։

«Առկա ինֆորմացիայից ո՞րն է ավելի վստահելի, ինչո՞ւ կա նման անհամապատասխանություն»,- հարցրեց նա։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ այս պահին կդժվարանա կոնկրետ հարցերին կոնկրետ պատասխանել, քանի որ ձեռքի տակ թվեր չունի, և համաձայնեց, որ վիճակագրության հավաքագրման հետ կապված խնդիր միանշանակ կա։ 

«Բայց դա նաև կապված է այն մեթոդաբանության հետ, որով հավաքվում է վիճակագրությունը»,-ասաց նա։

Տիգրան Ավինյանը բենզինի շուկայի վերաբերյալ ասաց, թե կարծում է, որ կառուցվածքային փոփոխություններ կլինեն մոտակա 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում։

«Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող է մտնելու շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացման»,- ասաց նա։

x