Նոյեմբերյանյան թնջուկ․ առաջարկ, թե՞ «առաջարկով» փաթեթավորված ճնշում ՏԻՄ-ի վրա

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, 1in.am-ի եթերում անդրադառնալով մարզպետարաններին ուղղված քննադատությանը՝ կապված համայնքներին, տվյալ դեպքում՝ Նոյեմբերյան համայնքին ուղղված նամակի հետ, որով առաջարկում են վերացնել իրենց տարածքներում հանքարդյունաբերությունն արգելող որոշումները, ասաց․

«Մեր խնդիրը՝ Մարզպետարանի խնդիրը, տեղական ինքնակառավարման օրենսդրության շրջանակներում այն է, որպեսզի աջակցենք համայնքապետարաններին, որպեսզի իրենք իրականացնեն իրենց լիազորությունները առավելագույնս և առավելագույնս գրագետ կերպով․ էդ թվում տեղական ինքնակառավարման օրենսդրության իրենց լիազորությունների շրջանակում։

Նույն հանքարդյունաբերության առումով այսօր համայնքներին տրված է ամենամեծ լիազորությունները և իրենք են, ըստ էության, առաջին և հիմնական որոշումը կայացնում ոչ միայն հանքի արդյունահանման, այլ ընդհանրապես հանքի հետազոտության և հետագա ճակատագրի հետ կապված։ Եվ մեր խնդիրն է, որպեսզի այն որոշումները, որոնք որ կայացվում են համայնքապետարաններում, դրանք ճշգրիտ լինեն ՀՀ օրենսդրության շրջանակներում, և մենք չենք կարող արգելել որևէ ավագանու որևէ որոշում կայացնել։ Մենք առավելագույնս կարող ենք իրենց ուղղորդել կամ ճշգրտել կամ օգնել, որպեսզի իրենք այդ ամենը իրականացնեն օրենքի շրջանակներում, որպեսզի վաղը-մյուս օրը իրենք չկանգնեն խնդիրների առաջ։

Տվյալ նամակագրությունը վերաբերում է 2018 թ․-ին Նոյեմբերյանի ավագանու կողմից կայացրած որոշմանը և այս շրջանակում մենք ուղղակի ընդհանուր շրջաբերականով (դա ամբողջ ՀՀ-ում է կայացվել) տեղեկացրել ենք, որ՝ խնդրում ենք ձեր որոշումների ժամանակ հաշվի առնել օրենսդրության այս-այս կետերը։ Ընդամենը դա։ Բայց որևէ արգելանքի մասին խոսք չկա։

Ես գիտեմ՝ վերջին օրերին՝ երեկ կամ երեկ չէ առաջին օրը, հարցազրույց էր եղել Նոյեմբերյանի քաղաքապետի հետ և էնտեղ ձևակերպումներն իսկապես այդպիսին էին, որ մարզպետարանն արգելում է և այլն։ Ես հայտարարում եմ, որ մարզպետարանը այս գործառույթների շրջանակում չի կարող արգելել և, մասնավորապես, Տավուշի մարզպետարանն այդպիսի արգելք չի դրել։

Մենք ունենք նամակագրությունը և պատրաստ ենք նաև տրամադրել այն, որտեղ ուղղակի հստակ նշված է, որ խնդրում ենք ավագանու որոշումների ժամանակ հաշվի առնել ՀՀ այսինչ օրենքի այսինչ կետերը, այսքան բան։ Մենք մանրամասնություններ չենք տվել, մենք տվել ենք օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն և, ճիշտն ասած, չեմ հասցրել քաղաքապետի հետ քննարկել, թե այդ հարցազրույցը կոնկրետ ինչին է վերաբերում, ինչու են այդպես խիստ եղել ձևակերպումները, բայց ասեմ՝ այդտեղ մտահոգվելու որևէ խնդիր չկա, ավելին՝ մենք մի քանի անգամ արտահայտել ենք մեր դիրքորոշումը՝ կոնկրետ Տավուշի մարզում հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների հետ կապված և մենք գտնում ենք, որ հանքարդյունաբերությունը մեր ամենաառաջնահերթ, ամենագերակա ոլորտը չէ, մենք ունենք բազմաթիվ ճանապարհներ մեր տարածաշրջանը և Տավուշում ապրող բնակչին հարուստ և երջանիկ դարձնելու, և Աստված չտա, որ հասնենք այն վիճակին, որ ստիպված լինենք դա անել բնության և քաղաքացու հաշվին»։

Չնայած մարզպետի այն պնդումներին, որ նամակում ընդամենը տրվել է օրենքի համապատասխան կետերին հետևելու առաջարկություն, Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ համայնքի ղեկավարներին ուղղված նամակում հստակ նշվում է․ «Անհրաժեշտ է 1-ամսյա ժամկետում Տավուշի մարզպետարան ներկայացնել ավագանու կողմից օրենքի խախտումով ընդունված որոշումների առկայությունը և դրանք անվավեր ճանաչելու մասին տեղեկատվությունը»։ Իսկ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի՝ մարզպետներին ուղղված նամակում պահանջվում է առաջարկել համայնքներին «խախտումներով» ընդունված որոշումները, մասնավորապես՝ համայնքներում հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ, մեկամսյա ժամկետում անվավեր ճանաչել, իսկ հակառակ դեպքում դրանք վիճարկել դատական կարգով։

x