Դատելով Ջուլֆալակյանի գրառումից՝ այդ մասնաբաժինը հավատարմագրային կառավարման հանձնված չէր․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ, լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր զարմանքն է հայտնել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով տրված իմ դիմումի փաստի վերաբերյալ և այդ քայլը տարօրինակ համարել։ Պարոն Ջուլֆալակյանի վերաբերյալ հարգանքս հավասելով, ավելորդ չեմ համարում այս հարցի կապակցությամբ որոշ պարզաբանումներ ներկայացնել։

Նախ, միամտություն կլինի կարծել, թե տարբեր ինստիտուտներին դիմելու իմ դրդապատճառը ազատ ժամանակս լրացնելն է։ Ո՛չ ես, ո՛չ մեր կուսակցությունից որևէ մեկը մանրադիտակի տակ չենք առել 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների ունեցվածքը, դրանց համապատասխանությունը ներկայացված հայտարարագրերին։ Դա այլ կառույցների ու համակարգերի գործառույթն է։

Թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ պարոն Ջուլֆալակյանի դեպքում հենց իրենք են այդպիսի առիթ տվել՝ տարբեր խառը պատմությունների մեջ ընկնելով և առաջին հայացքից իրարամերժ հայտարարություններ հնչեցնելով։ Ավելին, պարոն Ծառուկյանի դեպքում մենք դիմումներ հղելուց առաջ սպասել ենք 10 օր, որոնց ընթացքում նշված կառույցներն ու համակարգերից ոչ մի արձագանք չենք լսել։ Պարոն Ջուլֆալակյանի դեպքում սպասել ենք 23 օր և էլի չենք ստացել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Այսպես, հարցազրույցում նա նշում է, որ, համասեփականությամբ իրեն պատկանող խնդրո առարկա սրճարանը կամ դրա մասնաբաժինը վաճառել է (տե՛ս վերը բերված տեսանյութի 1։10 րոպեից)։ Այնինչ իր հետ կապված աղմկահարույց միջադեպին մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում կատարված արձագանքում նա նշել է, որ այն վարձով է տրված։ Եթե վաճառքը տեղի է ունեցել մայիսի 6-29 ընկած ժամանակահատվածում, ապա, գուցե, ամեն ինչ կարգին է, իսկ եթե ոչ, ապա գործ ունենք միմյանց հակասող հայտարարությունների հետ։

Միաժամանակ, «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածն ասում է․ «Պատգամավորական մանդատն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է` …3) դուրս գալ առևտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման»։ Պարոն Ջուլֆալակյանը մանդատը ստացել է 2019թ հունվարի 10-ին, այնինչ, դատելով նրա ֆեյսբուքյան գրառումից, մայիսի 6-ի դրությամբ այդ մասնաբաժինը դեռևս հավատարմագրային կառավարման հանձնված չէր և ստիպված ինքն էր զբաղվում դրա կառավարման հարցերով, ինչի արդյունքում էլ հայտնվել էր այդ աղմկոտ պատմության կենտրոնում։

Իր հրապարակային հայտարարություններում պարոն Ջուլֆալակյանը պնդել է, որ հանդիսացել է սրճարանի համասեփականատեր, ունեցել է մասնաբաժին, հանդիսացել է «պասիվ ներդրող», սեփականության իրեն պատկանող մասը վարձով է տվել։ Իրերի այս դրությունը շարունակվել է, առնվազն, մինչև 2019թ մայիսի 6-ը, երբ նա այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Սակայն 2019 թ․փետրվարի 14-ին ներկայացրած իր հայտարարգրում, այդպիսի բաժնեմասի կամ ներդրման մասին ոչ մի տեղեկություն չկա կամ այդ տեղեկությունը մեզ համար փակ է։

Ի վերջո, պատգամավորի հետ կապված այս հարցով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու փաստը ընդամենը նշանակում է, որ մենք ուզում ենք որոշակի պարզաբանումներ ստանալ։ Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչքանով են պատգամավորի խոսքերը համապատասխանում իրականությանը և ինչքանով է իրականությունը արտացոլված նրա հանձնած հայտարարագրի մեջ։

Եթե վստահություն լիներ, որ պարոն Ջուլֆալակյանը որևէ օրենք է խախտել, ապա կդիմեինք ոչ թե էթիկայի հանձնաժողով, այլ հանցագործության մասին հաղորդմամբ՝ իրավապահ մարմիններին։ Եթե գործընթացները ամբողջությամբ համապատասխանում են օրենքի ոգուն, ապա պարոն Ջուլֆալակյանն անհանգստանալու ոչինչ չունի, բացի մեր ժամանակի կորստի փաստը։ Ավելին, պարոն Ջուլֆալակյանը նաև կարող է վստահ լինել այդ դեպքում իր անունը կշրջանառվի բացառապես ճիշտ շեշտադրմամբ (ինչի վերաբերյալ կասկած է հայտնել հարցազրույցի հղման 1։45 րոպեից)։

Հ․Գ․ Պարոն Ջուլֆալակյանը մեր կուսակցության մասին խոսելիս այն անվանել է «Քաղաքացիական որոշում»։ Ամենայն հարգանքով, հիշեցնում եմ, որ «քաղաքացիականը» «պայմանագիր»-ն է, իսկ մերը «Քաղաքացու որոշում»-ն է»։

 

x