Կառավարությունը արմավիրցիների համար բնակարաններ կառուցելու նպատակով շենք նվիրաբերեց |hetq.am|

hetq.am: Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոց 5 հասցեում գտնվող 3 շինություններ նվիրաբերվեցին համայնքին՝ 26 բնակարաններ վերակառուցելու և սեփականության իրավունքով Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող ընտանիքներին հատկացնելու համար:

Որոշումն այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Նշենք, որ այս շենքերը ամրացված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտնում է, որ Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի այրման պատճառով 10 ընտանիք մնացել է անօթևան, իսկ նույն փողոցի թիվ 1 շենքի վնասվածությունը 3-4 աստիճանն է, և այնտեղ բնակվող 16 ընտանիքներին նույնպես անհրաժեշտ է ապահովել բնակարաններով։

Արմավիր համայնքի ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Ամրակ» ԲԲԸ-ին։ Ընկերության հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել որևէ համայնքային շենք ընկերության միջոցների հաշվին վերանորոգել և սեփականության իրավունքով հատկացնել այդ 26 ընտանիքներին, իսկ ընկերությանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սիլիկյան փողոցի թիվ 1 շենքը, բացի այդ, ուղղակի վաճառքի ձևով հատկացնել Սիլիկյան փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող 411 քմ մակերեսով հողամասը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետին հայտնեց, որ ընկերությանը համայնքը կտրամադրի մեկ շենք, որի դիմաց ընկերությունը կվերանորոգի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի 26 բնակարանները։
Բնակիչներին վերանորոգված շենք հատկացնելու համար ընտրվել է Արմավիրի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը, որ նախկինում օգտագործել է «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնը։ Շենքը երկար տարիներ չի շահագործվում որևէ մեկի կողմից, այդ պատճառով համայնքի ղեկավարն առաջարկել է այն նվիրաբերել համայնքին։

x