Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին |hetq.am|

hetq.am։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից:

Խոսքը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու և նրա գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Դրանից երկու օր անց` մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Վերը նշված երկու որոշումները դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն, նկատի ունենալով, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշման կայացումից հետո գործի նյութերն ուղարկել էր Սահմանադրական դատարան, Վերաքննիչ դատարանը հնարավորություն չուներ որևէ գործողություն կատարել:

Դավիթ Գրիգորյանը երեկ Սահմանադրական դատարանից պահանջել է գործի նյութերը`պատճենահանելու և դրանք Վերաքննիչ դատարան ուղարկելու համար:
Երեկ երեկոյան Վերաքննիչ դատարանը ստացել է նյութերը, որից հետո գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

x