ԵԽ-ն աջակցում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանը. արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը:

Վերջինի կազմում են եղել Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և Քաղաքական խորհրդական, Քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչ Մաքսիմ Լոնգանգը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանը և Աննա Վարդապետյանը:

Արդարադատության նախարարը ողջունել է պատվիրակության այցը և բարձր գնահատել Հայաստան-ԵԽ հարաբերությունների ներկայիս մակարդակը: Նախարարի խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն, որի արդյունքում տասնամյակներ շարունակ անօրինական ճանապարհով ձևավորված կուսակցությունը ոչ բռնի հեղափոխության արդյունքում հեռացվեց իշխանությունից, որից հետո տեղի ունեցած բոլոր ընտրություններն արժանացան ժողովրդի վստահությանը:

«Մեր իշխանության գալուց հետո վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է նախկինում գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ, ընդհանրապես, միջամտել դատարանների գործունեությանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում վարչապետի կողմից բազմիցս, տարբեր հարթակներից հնչեցվել է, որ առկա է Հայաստանում անկախ դատական իշխանություն ունենալու քաղաքական կամք, և Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով բավարար են ամրապնդելու համար դատական անկախ համակարգի գոյությունը:

Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի դատավորներ, որոնք պատրաստ են գործել օրինականության, արդարության և իրավունքի շրջանակում»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում դատական իշխանությանը տրված հնարավորությունը չի իրացվել, և դատարանները, գործող իշխանության ազդեցությունից զերծ լինելով հանդերձ, զերծ չեն եղել կոռուպցիոն կամ նախկին կապերով պայմանավորված ազդեցություններից:

Նախարարը տեղեկացրել է, որմ գնահատելով ստեղծված իրավիճակը, Արդարադատության նախարարությունն այս տարվա սկզբից ձեռնամուխ է եղել դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակմանը. ներկայում այն նախագծման փուլում է, և Կառավարության քննարկմանը կներկայացվի աշնանը:
Անդրադառնալով անցումային արդարադատության գործիքակազմի կիրառմանը՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ այն օրակարգային է և նպատակ ունի ապահովել հասարակության անցումը ժողովրդավարության ճգնաժամից դեպի կայուն ժողովրդավարություն:

Նախարարի խոսքով՝ գործիքակազմից քննարկվում է վեթինգի՝ որպես համակարգային բարեփոխման գործիքի կիրառման անհրաժեշտության հարցը: «Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև»,- ասել է արդարադատության նախարարը՝ ընդգծելով, որ վեթինգի և համակարգային բարեփոխումների իրականացման համատեքստում Հայաստանը ևս ակնկալում է Եվրոպայի խորհրդի մարմինների փորձագիտական աջակցությունը:

ԵԽ պատվիրակության ղեկավար Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, արձանագրել, որ Հայաստանի դատական համակարգում սկսվել է արմատական բարեփոխումների գործընթաց, և Եվրոպայի խորհրդի աջակցությունն է հայտնել այդ գործընթացի իրականացմանը:

Նրա խոսքով՝ միայն դատաիրավական բարեփոխումների ռազմավարության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել դատական իշխանության նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վստահությունը: «Այստեղ ենք ձեզ աջակցելու համար: Ձեր հաջողությունը մեր հաջողությունն է լինելու, նույն կերպ և ձախողումը»,- ընդգծել է Քրիստոս Ջիակումոպուլոսը:

Նախարար Զեյնալյանը վստահեցրել է, որ դատական համակարգում իրականացվող բարեփոխումներն իրականացվելու են Հայաստանի Սահմանադրության ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան և ապահովելու են լայն ներառականություն:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունն ու սկսած գործընթացը հաջողելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

x