Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք․ Արայիկ Հարությունյանը Էդմոն Մարուքյանին

Էդմոն Մարուքյանն էլի անդրադարձել է բուհերին: Կարծում եմ` մարդ պետք է խոսի այնպիսի բաներից, ինչից հասկանում է կամ տեղեկացված է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ագրարայինի դեպքում փորձեց մի բան ասել, մեծ կտոր պոկեց, չկարողացավ «կուլ տալ»: Հիմա անցել է ԵՊՀ-ին, ու խոսում է խորհուրդների քաղաքականացվածությունից: Լուրջ եք ասըմ, պարոն Մարուքյան: Հարցնում եք` բա ուրիշ կուսակցությունից մարդ նշանակել եք: Այո՛, նշանակել ենք, օրինակ` Ձեր հարազատ եղբորը` իմ կողմից շատ հարգված Քրիստ Մարուքյանին (վստահ եմ գիտեք նրա նշանակման մասին)»,-գրել է Հարությունյանը՝ եզրափակելով․

«Ու մարդկանց նշանակելիս երբեք չենք առաջնորդվել կուսակցական պատկանելությամբ ու մեր քաղաքական ուժին լոյալությամբ, այլ հասարակության մեջ ունեցած ազդեցությամբ ու տվյալ բուհի հետ ունեցած առնչությամբ` որպես շրջանավարտ, գործատու և այլն:

Բուհերի ու դպրոցների ապաքաղաքականացման գործընթացն անշրջելի է, ու Դուք դա շատ լավ գիտեք և տեսնում եք»։

x