Արթուր Դավթյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա:

Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը:

Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:

x