Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ ի պատասխան Գոլանի բարձունքի վրա հասցված հարվածի: |tert.am|

tert.am: Իսրայելցի զինվորները հրթիռային հարված են հասցրել Սիիրայի ուղղությամբ՝ ի պատասխան այդ երկրի տարածքից ստացված հարվածի: Ինչպես նշում է Haaretz պարբերականը, այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայրարարության մեջ:

Իսրայելական կողմի պնդմամբ՝ Դամասկոսի կողմից 2 հրթիռ է արձակվել, որոնցից մեկն ընկել է Իսրայելին պատկանող Գոլանի բարձունքի վրա, ինչին հաջորդել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածները:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թվիթերյան իր էջում հաստատել է, որ անձամբ է պատասխան հարվածի հրաման արձակել: «Մենք չենք կարող հանդուրժել մեր տարածքի ուղղությամբ հարվածները և մեծ ուժով կարձագանքենք մեր նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորման: Սա հետևողական քաղաքականություն է, որը մենք կշարունակենք իրականացնել հանուն Իսրայելի անվտանգության»,- ասել է վարչապետը:

Սիրիական լրատվամիջոցների պաշտոնական տվյալներով՝ Իսրայելի հարվածներից 3 սիրիացի զինվոր է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են:

x