Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել. Պետքարտուղարություն |news.am|

news.am։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Սիրիայի հարցում դեռեւս համաձայնության չեն եկել, բայց մայիսի 14-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի արդյունավետ հանդիպումներից հետո բոլոր մակարդակներում շփումներ են ընթանում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ամերիկացի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին՝ Վաշինգտոնում Մերձավոր Արեւելքի ինստիտուտում պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Մենք Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներով շփումներ ունեցել ենք եւ ունենք, այդ թվում՝ երկու շաբաթ առաջ Սոչիում, մեր կարծիքով, արդյունավետ քննարկումներ եղան նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով: Համաձայնություն չկա: Չկան ո՛չ բանակցություններ, ո՛չ մանրամասներ, քանի որ բանակցություններ չկան: Կան շարունակվող շփումներ»,- ասել է նա:

«Երկու կողմերն էլ համաձայն են, որ անհրաժեշտ է այս հակամարտության քաղաքական լուծում,- ընդգծել է դիվանագետը: - Սա կլինի աստիճանական գործընթաց, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւով»:

Պոմպեոն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ մի շարք կոնկրետ քայլեր: Բայց չէր հստակեցրել դրանք՝ միայն նշելով, որ կողմերն այն պահերի ընդհանուր ընկալում ունեն, որտեղ տեղի է ունենում «գործընթացի քաղաքական տեղապտույտ»: Նա զրույցն արդյունավետ էր որակել եւ շեշտել, որ շփումներն իրեն գոհացրել են:

Մայիսի 14-ին Սոչիում Ջեֆրին ամերիկյան պավիրակության կազմում մասնակցել էր ռուսական ղեկավարության հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը: Սա որպես Պետքարտուղարության ղեկավար Պոմպեոյի առաջին այցն էր Ռուսաստան:

Տեղեկությունների փոխանակում

Ջեյմս Ջեֆրին հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պարբերաբար տեղեկություններ են փոխանակում, որոնք առնչվում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին:

«Իհարկե, հակաահաբեկչական համագործակցությունը, միասին աշխատանքը կարեւոր ոլորտ է: Մենք Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներով դրանով զբաղվել ենք 2001 թվականի սեպտեմբերի 11-ից»,- ընդգծել է Պետքարտուղարության աշխատակիցը: Նա նկատի է ունեցել Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցությունը 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում իրագործված ահաբեկչություններից հետո:

Նախկինում այն գոյություն է ունեցել նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համատեղ աշխատանքային խմբի տեսքով: Այս մարմինը գործել է երկկողմ նախագահական հանձնաժողովի կազմում: Սակայն հանձնաժողովի եւ դրա մեջ մտնող 21 աշխատանքային խմբերի գործունեությունը 2014 թվականի գարնանը դադարեցվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ՝ կապված Ուկրաինայում ճգնաժամի հետ:

«Ինչ վերաբերում է Սիրիայում ահաբեկչությանը, ապա, բնականաբար, ժամանակ առ ժամանակ կատարվում է տեղեկությունների փոխանակում»,- այնուհետեւ հայտարարել է Ջեֆրին: Նա մանրամասներ չի ներկայացրել:

«Դրանից բացի, առկա է ռազմական գործողությունների ժամանակ պոտենցիալ կոնֆլիկտների չափազանց ընդարձակ կանխարգելում. [Սիրիայում] ռուսական հակաահաբեկչական գործողությունների եւ մեր հակաահաբեկչական գործողությունների ժամանակ: Սրանով ես կսահմանափակվեմ»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխման մասին հուշագիրը ստորագրվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունների կողմից 2015 թվականի հոկտեմբերին։ Հետո կողմերը, համաձայն տեղեկությունների, որոնք ավելի վաղ ներկայացրել էր Պենտագոնը, սկսել են փոխգործակցել նաեւ Սիրիայում ցամաքային գործողությունների ժամանակ բախումներ թույլ չտալու նպատակով։

Շարունակությունը՝ news.am

x