Սեւանա լճում որսի համար թույլատրելի չափն այս տարվա համար 150 տոննան է․ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյան

Սեւանա լճում որսի համար թույլատրելի չափն այս տարվա համար 150 տոննան է։ Այս մասին այսօր ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նա նշեց նաև, որ որս անելու առաջնայնությունը կտան մարզի բնակիչներին։ Նախարարը նաև ավելացրեց, որ գույքագրում կատարելով և օրինական դաշտում որս անելու դեպքում կկարգավորվի ոչ միայն ձկի պաշարները լճում, այլ նաև ձկի շուկայական գինը։

«Ես կարծում եմ՝ անընդունելի է, որ բնական միջավայրում, բնակական կերով առկա կենսապաշարը վաճառվում է 30,40 կամ 50 դրամով ։ Օրինական դաշտ բերեով մենք կխթանենք, որ ձուկը մոտենա իր գնին, ինչքան որ պետք է լինի, դրանով խթանելով որսի նվազեցումը՝ սահմանափակելով որսը ձվադրման ժամանակ և մանրաձկան որսը»,- ասաց նախարարը։

Սևանա լճի հսկողությունը իրականացնում են Սեւան ազգային պարկը, իսկ վերահսկողական ֆունկցիան կատարում է շրջակա միջավայրի նախարարությունը և բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը ասաց, որ տեսչական մարմնի կողմից առաջարկ կա՝ կանոնակարգելու նաև ձկան վաճառքի փուլը։

«Օրենսդրական կարգավորում պետք է տրվի, կարծում եմ, որովհետև այն ժամանակահատվածը, երբ որսը արգելված է, պետք է նաև վաճառքը արգելվի»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով իշխան ձկանը, նախարարը նշեց, որ մտահոգություններ ունեն, որ ցանցավանդակային տնտեսություններում ձկան կերը ունի ֆոսֆորի պարունակություն, որն էլ վնասակար է ազդում Սևանի էկոհամակարգի վրա։

«Ֆոսֆորային կոնսենտրացիաները առաջանում են ցանցավանդակային տնտեսություններից։ Հիմա հետազոտություն ենք իրականացնում և եթե համոզվենք, որ նրանցից առաջացող ֆոսֆորային մնացորդները վնաս են հասցնում սեևանի էկոհամակարգին, ապա հնարավոր է դրանք վերացվեն»,- ասաց նա։

x