Ամերիկացի սենատորները ցանկանում են արգելափակել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը |news.am|

news.am։ Ամերիկացի սենատորները փորձում են արգելափակել Սաուդյան Արաբիային եւ արաբական այլ երկրներին 8,1 մլրդ դոլարի չափով զենքի վաճառքի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, հաղոդում է AFP-ը:

Թրամփի վարչակազմը մայիսին հայտարարել էր, որ կօգտագործի արտակարգ լիազորությունները՝ Կոնգրեսին մարտահրավեր նետելու եւ Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին սպառազինություն տրամադրելու համար:

Այդ քայլը վրդովվեցրել էր օրենսդիրներին, որոնք կարծում են, որ այդ զենքը կարող է օգտագործվել Եմենում խաղաղ բնակչության դեմ:

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հույս է հայտնել, որ վաճառքը կկանխվի:
«Ես հասկանում եմ, որ Սաուդյան Արաբիան մեր ռազմավարական դաշնակիցն է, սակայն չի կարելի անտեսել արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի պահվածքը: Այժմ Սաուդյան Արաբիայի հետ գործ ունենալու ժամանակը չէ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ չի հետեւի Կոնգրեսի թույլատրման ստացման սովորական ընթացակարգին՝ կապված Իրանի առնչությամբ արտակարգ իրավիճակի հետ:

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ շանսեր ունեն օրենսդիրները, քանի որ Թրամփը կարող է վետո դնել ցանկացած որոշման վրա:

x