[Զրույց անցումային արդարադատության մասին․ մաս 1-ին] Անպատժելիության վերացումն ու համերաշխության հաստատումը․ Կարեն Զադոյան

Անցումային արդատադատության չորս հիմնական մեխանիզմների` քրեական արդարադատության, ճշմարտության որոնման, փոխհատուցումների և համակարգային բարեփոխումների մասին զրուցել ենք «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանի հետ:

Մաս 1-ին.

-Անցումային արդատադատության չորս հիմնական մեխանիզմ է առանձնացվում՝ քրեական արդարադատություն, ճշմարտության որոնում, փոխհատուցումներ և համակարգային բարեփոխումներ։ Անդրադառնանք սրանցից յուրաքանչյուրին։ Քրեական արդարադատությունն իրենից ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ նպատակներ ունի և ինչպե՞ս է իրականացվելու։

- Քրեական արդարադատության մեխանիզմի հիմնական նպատակն է վերականգնել արդարությունը, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ արդեն վերացել է անպատժելիության միջավայրը, և գործում է պատժի անխուսափելիությունը։ Եվ որևէ մեկը, եթե կատարել է հանցագործություն, չի կարող պատասխանատվությունից խուսափել, բայց անպատժելիության միջավայրի վերացումն ու համերաշխության հաստատումը պետք է դիտարկել մեկ օրգանիկ կապի մեջ` վերջնական նպատակ դիտարկելով համերաշխության հաստատումը։

Քրեական արդարադատության մեխանիզմի ներքո գործում են մի քանի ենթամեխանիզմներ։ Երբ ազգային դատական համակարգն ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնել պատժի անխուսափելիությունն ապահովող միջոցառումները և վերականգնել արդարադատությունը, կան միջազգային մի քանի մեխանիզմներ։

Առաջինը ունիվերսալ իրավասություններ ունեցող միջազգային քրեական դատարանն է, որը Հայաստանի համար անցումային արդարադատության իրականացման դեպքում կիրառելի չէ։ Այն հիմնականում կիրառվում է բացառիկ դեպքերում, երբ կա ռազմական բախում, ռազմական հանցագործություններ։

Երկրորդ դեպքում նույնպես, երբ կրկին ազգային դատական համակարգն ամբողջապես տապալված է և ի վիճակի չէ իրականացնել արդարադատություն, ստեղծվում է իրավիճակային դատարան՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, և այդ նպատակով գործուղում են միջազգային մասնագետներ։ Սա նույնպես Հայաստանի համար կիրառելի չէ, որովհետև այն կարծիքին չեմ, որ մեր դատական համակարգը տապալված է:

Երրորդը, երբ տվյալ ազգային դատական համակարգն ի վիճակի չէ ամբողջովին իրականացնել արդարադատություն, կրկին ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծվում է հիբրիդային դատարան, որտեղ մի մասը միջազգային մասնագետներն են, մյուս մասը՝ տեղական։ Սրա հիմնական նպատակն է նաև օգնել ազգային դատական համակարգի կարողությունների զարգացմանը։ Կարծում եմ, որ սա նույնպես Հայաստանի համար կիրառելի չէ, քանի որ այստեղ նույնպես վտանգվում է Հայաստանի դատական իշխանության սուվերենությունը:

Եվ չորրորդ ենթամեխանիզմը ներպետական դատական համակարգի միջոցով քրեական արդարադատության իրականացումն է։ Մենք կարծում ենք, և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից պատրաստած «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցում արտացոլվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության շրջանակներում քրեական արդարադատություն պետք է իրականացվի միայն մեր ազգային դատական համակարգի միջոցով՝ սահմանադրական լուծումների շրջանակում։

Մեր Սահմանադրությունը հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով ստեղծել մասնագիտացված դատարաններ։ Կարծում ենք՝ հենց մասնագիտական դատարանների միջոցով կարող է իրականացվել քրեական արդարադատությունը։ Օրինակ, եթե դիտարկենք կոռուպցիոն հանցագործությունները, ապա կարող են ստեղծվել կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված դատարաններ, որոնք էլ կքննեն կոռուպցիոն հանցագործությունների բոլոր դեպքերը, ընդ որում՝ նաև անցումային արդարադատության իրականացումից հետո, այսինքն՝ կստեղծվի մշտապես գործող ինսիտուցիոնալ համակարգ։

Ինչպես նշեցի, քրեական արդարադատության հիմնական խնդիրը ոչ թե պատժելն է մարդկանց, այլ հաշտություն, համերաշխություն հաստատելը, և ամենակարևոր գործիքն այստեղ համաներման ինստիտուտն է։ Երբ նախկին իրավախախտները պատմում են իրենց կողմից կատարված իրախախտումներ մասին, իրենց ակնկալիքը մեկը պետք է լինի՝ ճշարտությունը հայտնել, ներում հայցել, հաշտվել և ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ոչ թե բոլոր իրավախախտներին պետք է պատժել, այլ հանցավոր բուրգի վերևում գտնվող, այդ մեխանիզմները նախագծած ճարտարապետներին, ընդամենը մի քանիսին։ Մյուսները պետք է վստահ լինեն, որ երբ կպատմեն ճշմարտությունը, համաներման միջոցով կազատվեն քրեական հետապնդումից, քանի որ նրանք նույնպես հանդիսացել են համակարգի զոհերը:

-Ավելի հաճախ խոսվում է անցումային արդարադատության երկրորդ մեխանիզմի՝ ճշմարտության որոնման գործընթացի մասին։ Ի՞նչ ճանապարհով պետք է ձևավորվի դա իրականացնող հանձնաժողովը, ի՞նչ գործառույթ է այն կատարելու։

- Ճշմարտության որոնման գործընթացի մեխանիզմն օգնում է անցումային փուլում գտնվող հասարակություններին ուսումնասիրել անցյալում կատարված իրավախախտումներն ու կանխարգելել դրանց կրկնությունն ապագայում։ Դա սովորաբար իրականացվում է ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների միջոցով։

Աշխարհի շուրջ 30 երկրներում այս փորձը կա։ Յուրաքանչյուր ժողովուրդ պետք է իմանա պատմության տվյալ փուլի մասին ճշմարտությունը։ Սա կարևոր է ոչ միայն այն մարդկանց համար, որոնց իրավունքները խախտվել են, այլ ընդհանրապես բոլոր քաղաքացիների համար։

Հիմնականում պառլամենտի կողմից են ստեղծվում այս հանձնաժողովները, ներգրավվում են տարբեր մասնագետներ։ Ստեղծման փուլն էլ պետք է լինի թափանցիկ և հաշվետու, իսկ այն անձինք, որոնք ընտրվելու են, պետք է լինեն մասնագիտորեն կոմպետենտ, բարձր հաշվետվողականություն, բարոյական նկարագիր ու հակակոռուպցիոն վարքագիծ ունենան։

Կարևոր է, որ հնարավորինս լայն համախոհություն լինի հիմնական դերակատարների միջև՝ և՛ պառլամենտական քաղաքական ուժերի, և՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղհասարակության մասնագիտացված կառույցների միջև։

Այս հանձնաժողովները չունեն քվազի դատական որևէ ֆունկցիա, իրենց հիմնական գործառույթը լինելու է փաստահավաք առաքելությունը, որի հիման վրա, իրենց գործունեության ավարտին հրապարակելու են զեկույց՝ հիմնված այդ փաստերի վրա։ Եթե դրանք փաստեր կպարունակեն հանցագործությունների մասին, բնականաբար, արդեն քրեական արդարադատության մեխանիզմի շրջանակներում դրանց ընթացք կտրվի։ Սակայն, այդ հանձնաժողովների հիմնական խնդիրն է, որ այդ զեկույցի հրապարկումից հետո քաղաքական գնահատական տրվի անցյալին, նոր էջ բացվի` բացառելու անցյալին վերադարձը։

Այս հանձանաժողովներում կարող են ներգրավվել նաև նախորդ վարչակարգի ներկայացուցիչներ, որովհետև, եթե երկու կողմերի ներկայացուցիչներն էլ կան, բնականաբար, վերջնական զեկույցն ավելի օբյեկտիվ կլինի։

-Ճշմարտության հանձնաժողովները փաստերը հավաքելու են միայն քաղաքացիների պատմած պատմությունների, ինքնախոստովանությունների միջոցո՞վ, թե՞ այլ միջոցներով ևս փնտրելու են այդ տեղեկատվությունը։

-Կոնկրետ օրենքը, որի հիման վրա կստեղծվի այդ հանձնաժողովը, հնարավորություն կտա ապացույցներ հավաքել տարբեր օրինական աղբյուրներից՝ պետական մարմիններից, մամուլի միջոցներից, քաղաքացիներից և այլ աղբյուրներից։

-Հանրության համար հավաքագրված այդ բոլոր փաստերը, պատմությունները լրիվ բա՞ց են լինելու։

-Տեսե՛ք, քաղաքացիները գալու են, պատմեն իրենց իրավունքների խախտումների մասին, նաև այդ փաստերն են ընդգրկվելու զեկույցի մեջ, և հանձնաժողովն է որոշելու՝ որևէ կոնկրետ դեպք նկարագրված կլինի զեկույցի մեջ, թե ոչ և ինչ ծավալով ։

-Փոխհատուցումներն ի՞նչ չափորոշիչների հիման վրա են դասակարգվում, ի՞նչ տեսակի պետք է լինեն դրանք։

-Փոխհատուցումները դասակարգվում են մի քանի չափորոշիչների հիման վրա և կարող են լինել թե՛ դրամական, նյութական, թե՛ ոչ նյութական։ Փոխհատուցման ծրագրերը ներառում են նախնական իրավիճակի վերականգնում։Օրինակ՝ մարդուն անհիմն զրկել են քաղաքացիությունից, պետք է վերականգնվի դա։

Երկրորդը կոմպենսացիան է՝ ֆինանսական փոխհատուցումը, երբ չափելի է վնասը, և պետք է համարժեք լինի։ Օրինակ, եթե անձից վերցրել են իր տունը, պետք է նույն տունը վերադարձվի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պետք է առաջարկվի դրամական փոխհատուցում կամ համարժեք տուն։

Հաջորդը ռեաբիլիտացիոն ծրագրերն են, օրինակ՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական ծառայություններից օգտվելը։ Մարտի մեկի դեպքերով տուժածներին համապատասխան փոխհատուցման ծրագրերի տրամադրման նախագիծը ԱԺ-ում ևս այս շրջանակում կարելի է դիտարկել։

Սատիսֆակցիան միջոցառումների լայն շրջանակ է՝ ներառյալ փաստերը ստուգելը, ճշմարտությունը լիարժեք և հրապարակայնորեն բացահայտելը։ Դրա շրջանակում, օրինակ, հուշակոթողներ, թանգարաններ են կառուցվում, փողոցներ վերանվանվում, հիշատակի օրեր սահմանվում և այլն։ Սա նույնպես միջազգային փորձով տարածված պրակտիկա է։

Օրինակ, Լատվիայում՝ Ռիգայի փոքր կենտրոնում, կա օկուպացիայի թանգարան, որտեղ մարդիկ կարող են այդ ժամանակահատվածի հետ կապված պատմական ճշմարտությունը տեսնել։ Մեր երկրում էլ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մարտի մեկի զոհերից ներողություն խնդրեց։ Բայց ավելի ճիշտ է դա համակարգված ձևով անելը՝ խորհրդարանի կողմից հռչակագրի ընդունմամբ։

-Ինչպե՞ս պետք է որոշվի՝ ում տալ փոխհատուցում և ում՝ ոչ։

-Մինչև անցումային արդարադատության կիրառումը պետք է հասկանալ` որ դեպքերում է այն կիրառվում, ովքեր են այդ օրենքի իմաստով հանդիսանում շահառուները, ինչ ժամանակահատված է այն ընդգրկում, ինչ մեխանիզմներ, մախանիզմների որ գործիքներն են կիրառվում, հանրային վերահսկողությունն ինչպես է իրականացվելու։

Եթե խոսքը գնում է 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, պետք է օրենքով հստակ սահմանվի տուժած անձանց, ինչպես նաև նրանց աջակցության կոնկրետ շրջանակը: Իսկ այն դեպքերը, որոնք կոլեկտիվ փոխհատուցում են ենթադրում, շատ բարդ են, և պետությունները դրանք իրականացնելու հնարավորություն չեն ունենում։

Դիտարկենք՝ կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով միլիարդների վնաս է պատճառվել ՀՀ-ին ու իր քաղաքացիներին, եթե այդ ակտիվները վերականգնվեն և վերադարձվեն, չի նախատեսվում, որ դրանք բաժանվելու են բոլոր քաղաքացիներին, այլ ստեղծվելու են հիմնադրամներ՝ ավելի խոցելի և անհրաժեշտ ոլորտների ուղղվածության՝ սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության, երկրի պաշտպանողականության ամրապնդման և այլն։

-Անդրադառնանք չորրորդ մեխանիզմին՝ համակարգային բարեփոխումներին։ Ձեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ եզրահանգման եք եկել, ի՞նչ է պետք անել համակարգային բարեփոխումների հասնելու համար։

-Անցումային արդարադատության չորրորդ բլոկի՝ ինստիտուցիոնալ կամ համակարգային բարեփոխումների շրջանակում մենք առաջարկում ենք, օրինակ, ստեղծել հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ։

Այդ համակարգի առաջին տարրը Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մասնագիտացված մարմինն է, որը կունենա երեք գործառույթ՝ հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիութունն ապահովող գործառույթներ, այսինքն՝ օպերատիվ հետախուզական և նախաքննություն իրականացնելու իրավասություն բոլոր կոռուպցիոն գործերով։

Հայկական հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ տարրը մասնագիտացված դատախազական կառույցն է, որը պետք է իրականացնի դատախազական հսկողություն ունիվերսալ մարմնի կողմից քննվող կոռուպցիոն գործերով, և երրորդը կոռուպցիոն գործեր քննող դատարաններն են։ Եվ սա մի համակարգ է, որը հնարավորություն է տալու ոչ միայն քննել նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունները, այլև՝ ապագայում կատարվելիք նմանատիպ հանցագործությունները։

Այսօր Հայաստանում Սահմանադրությունը մեզ թույլ է տալիս ստեղծել երկու տիպի մարմիններ, մեկը` անկախ, ինչպես օրինակ ՄԻՊ ինստիտուտն է, որը սահմանադրական անկախ մարմին է հանդիսանում, մյուսը ինքնավար մարմիններն են, որոնք, սակայն, ունեն սահմանափակ անկախություն։ Իսկ որպեսզի ունենանք սահմանադրական իրական անկախություն, կարևոր է, որ ունիվերսալ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինը ստեղծվի սահմանադրական փոփոխությունների միջոցով՝ որպես անկախ մարմին։

Համակարգային բարեփոխումների հիմնական գործիքակազմը լյուստրացիան է, վեթինգը, հասարակական ակտիվիզմը, ինպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ այլ բարեփոխումները։

Շարունակելի․ անցումային արդարադատության չորրորդ մեխանիզմի գործիքների` վեթինգի, լյուստրացիայի և հասարակական ակտիվիզմի մասին կարող եք կարդալ հարցազրույցի երկրորդ մասում:

Աստղիկ Քեշիշյան

x