ՄԱԿ-ն իր անձնակազմի մի մասին տարհանում է Սուդանից |factor.am|

factor.am։ ՄԱԿ-ը որոշել է իր անձնակազմի մի մասին հետ կանչել Սուդանից: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կտարհանվի երկրորդային օղակի անձնակազմը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia-ն: Չորեքշաբթի Խարթումից դիվանագիտական անձնակազմի մի մասին տարհանելու մասին հայտարարել է նաև Մեծ Բրիտանիան: Լոնդոնը նաև Սուդանում գտնվող բրիտանահպատակներին զգոնության կոչ է արել՝ կապված մայրաքաղաքում իրադրության սրման հետ:

Հունիսի 3-ին Սուդանի ոստիկանությունն ու հատուկ նշանակության ջոկատը ցրեց Խարթումում զինված ուժերի գլխավոր հրամանատարության կենտրոնակայանի մոտ տեղակայված վրանային ճամբարի մի մասը, որտեղ արդեն երկու ամիս է՝ նստացույց է անցկացվում: Ընդդիմության տվյալներով՝ ուժայինների գործողությունների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել:

Դրանից հետո իրադրությունը Սուդանի մայրաքաղաքում կտրուկ սրվեց: Ցուցարարները փակեցին քաղաքի հիմնական ճանապարհները, բարիկադներ կազմեցին և հայտարարեցին Ռազմական խորհրդի հետ երկխոսությունը դադարեցնելու մասին:

x