Փաշինյանը վերահաստատեց կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծման հրատապ լինելը |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում մեկնարկած դատական համակարգի բարեփոխումների գործընթացին։

Վարչապետը նշեց, որ երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման համար ֆունդամենտալ խնդիր է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բացակայությունը։ «Հայաստանը դեպի ծով ուղիղ ելք չունեցող, տնտեսական և բնական սահմանափակ ռեսուրսներով ու աշխարհագրական բարդ դիրք ունեցող երկիր է՝ լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունների տեսանկյունից:

Բոլոր այս բարդությունները ինչ-որ ձևով մեզ խթանում են մշտական գործողությունների՝ միտված մրցունակությանն ու արդյունավետությանը: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար: Դա առաջին հերթին պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Կարող եմ վստահաբար ասել, որ այս առումով մեզ արդեն հաջողվել է զգալի արդյունքների հասնել: Արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան:

Նվազագույնի են հասցվել արհեստական մենաշնորհների և օլիգոպոլիայի գործունեությունը։ Սակայն մեր երկրի տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ընթացքում մենք կանգնեցինք ֆունդամենտալ բնույթի խնդրի առաջ: Ի տարբերություն իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերի, որոնցում նկատվում է ինստիտուտների օպտիմիզացիայի որակյալ առաջընթաց, դատական իշխանությունը չենթարկվեց որևէ զգալի վերափոխման:

Արդյունքում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության հսկայական բաց կա, ինչը իր հերթին լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կապիտալը պաշտպանելու, տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ստեղծելու, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայր ձևավորելու բոլոր ջանքերը չեն հանգեցնի ցանկալի արդյունքի, եթե դատական իշխանությունը որակական վերափոխումների չենթարկվի։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատաիրավական համակարգում առկա կոռուպցիան համատեղելի չէ տնտեսական զարգացման և առաջընթացի հետ։ «Իսկապես անկախ, կոռուպցիայից զերծ դատական համակարգի ստեղծումն այսօր հրատապ խնդիր է մեր հասարակության համար, կառավարության համար՝ բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

x