Շատացել են օրինախախտները. Օսիպյանը ՃՈ-ին մի քանի օր ժամանակ է տվել պատկերը շտկելու համար

Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների պետեր և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը:

Խորհրդակցության գլխավոր թեման ճանապարհային ոստիկանության ծառայությունն էր: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ քաղաքացիները դժգոհում են ստորաբաժանման ծառայությունից: Շատացել են օրինախախտները. մանավանդ գիշերային ժամերին բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվում երթևեկության մյուս մասնակիցների, նաև քաղաքացիների նկատմամբ:

Ոստիկանության պետը հորդորեց անմիջապես անցնել ուժեղացված ծառայության հանրապետության ողջ տարածքում: Հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել գերհզոր ձայնազդանշանային համակարգերօգտագործող, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորած խլացուցիչներ ունեցող մեքենաների վարորդներին:

Եթե կլինեն վարորդներ, որոնք չեն ենթարկվի ճանապարհային ոստիկանի օրինական պահանջին կամ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, օրենքի սահմաններում կհամալրվեն հավելյալ ուժեր և իրավախախտը բերման կենթարկվի ոստիկանություն:

Անհրաժեշտության դեպքում ճանապարհային ոստիկանության կարգախմբի հետ ծառայության դուրս կգան նաև պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ վաշտի ծառայողներ:

Վալերիյ Օսիպյանը խիստ հանձնարարական տվեց՝ ոստիկանին վիրավորելու դեպքում օրենքի սահմաններում կոշտ պատասխան ու իրավական գնահատական տալ:
Դիմելով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների ղեկավար անձնակազմին՝ ոստիկանության պետը ևս մեկ անգամ հորդորեց բացառել կոռուպցիոն դրսևորման որևէ փորձ, կանոնակարգել հերթերը և մատուցել բարձրորակ ծառայություն:

Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարությանը մի քանի օր ժամանակ տվեց ամբողջ պատկերը շտկելու համար, այլապես կքննարկվի ճանապարհային ոստիկանությունում մեծածավալ կադրային փոփոխությունների հարցը:
Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:

x