Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի |armtimes.com|

armtimes.com։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատասխանող Թորոսյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը:

«Քննարկում եմ այս պահի դրությամբ դատավոր Սարգիս Երիցյանի վերաբերյալ Արդարադատության նախարարություն կամ կարգապահական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ պատիժը: Այս մասով դեռեւս վերջնական որոշում չունենք՝ հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, որպեսզի ոմանք չասեն, թե դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում:

Թեեւ ես ասեմ, եթե գործն այսքան հնչեղություն ստացած չլիներ, ես վաղուց դատավորի հետ կապված դիմել էի, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն՝ ընդհուպ դադարեցնեն նրա լիազորությունները»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի հունիսի 7-ին բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Ավելի վաղ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:

Ավելին՝ armtimes.com

x