Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել |tert.am|

tert.am: Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Բաբայանի, վճռել է սնանկ ճանաչել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: 

Նշենք, որ դիմող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը դիմել էլ էր դատարան և խնդրել, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը ճանաչվի սնանկ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Գրիգորյանի 20.12.2018թ. որոշմամբ դիմումը վերադարձվել էր:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացվել է դիմում, որը դատարանի 21.01.2019թ.-ի որոշմամբ ընդունվել էր դատարանի վարույթ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Տիգրան Սահակյանը: 

Դատական նիստում դիմողի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 07.07.2017թ. կնքվել է թիվ OVD1705519 վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

Վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով 07.07.2017թ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ վերջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել:

Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել:

07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի պարտքը «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ:

Ըստ այդմ էլ՝ դիմողի ներկայացուցիչը խնդրել է ճանաչել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին սնանկ:

Իր հերթին Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը 02.04.2019թ. դատարան է ներկայացրել առարկություններ առ այն, որ չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, ինչպես նշվել է դիմումում, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին, համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաև բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը, չի համապատասխանում իրականության ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսը, առարկել են նաև ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժը:

Միաժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ վիճարկման հիմնավորումները, ապացույցները և մյուս հանգամանքները կներկայացվեն դատարան՝ դատական նիստի ժամանակ:
Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը, պատշաճ կարգով ծանուցվելով դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, չի ներկայացել 26.04.2019թ. հրավիրված դատական նիստին:

Ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը վճռել է՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի` վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին բավարարել, Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ:
Դատարանը նաև արգելանք է դրել Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

x