Հայաստան-Արցախ լարվածություն չի կարող տեղի ունենալ, սա աննորմալ երևույթ է. Դավիթ Բաբայան |lragir.am|

lragir.am:  Մեր զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։


Պարոն Բաբայան, Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո խոսակցություններ կան Արցախում նոր հրաժարականների մասին, մասնավորապես Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին է խոսվում։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է սա բացատրվում։

Այս պահի դրությամբ միայն պարոն Աղաբեկյանն է իր դիմումի համաձայն հեռացել։ Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ արտառոց բան է, որովհետև կադրային քաղաքականությունը շատ դինամիկ ոլորտ է, և միշտ էլ այդպես է եղել, որ մեկը հրաժարական է տալիս, մյուսը նշանակվում է և այլն։ Սա բնական երևույթ է, և ամեն ինչ պետք է սահուն արվի։

Տեսակետներ են հնչում, որ Հայաստանից եկող հորդորներով են տեղի ունենում այդ փոփոխություններն ու հրաժարականները՝ հաշվի առնելով դաշնակցական Արթուր Աղաբեկյանի քաղաքական կողմնորոշումը, նաև Վիտալի Բալասանյանինը։

Դաշնակցությունը կառույցներ ունի և Հայաստանում, և Արցախում։ Այո, Արթուր Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է, բայց նաև քաղաքական դաշտում վաղուց է գործում։ Ճիշտ կլինի, որ դուք դա հարցնեք Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեից, որ տեսնեք՝ նա կապ ունի՞ իրենց հետ, թե կապ չունի։ Ես չեմ տեսնում որևէ կապ, որովհետև Արթուր Աղաբեկյանն իր հայտարարության մեջ նշել է, որ մի քանի ամիս առաջ է պատրաստվել, հեռանալուն։ Այս պահի դրությամբ Արցախում ՀՅԴ կառույցը քաղաքական դաշտում որևէ մեկին պաշտոնապես չի սատարել, չի ասել, օրինակ, որ Արցախի նախագահական ընտրություններում հնարավոր է սեփական թեկնածուով գնա։ Բայց պարոն Աղաբեկյանն իր նախասիրությունը հայտնել է՝ լինելով դաշնակցական։ Այսինքն՝ այստեղ կապ չկա, փաստերը այլ բանի մասին են խոսում։

Վերջին շրջանում Հայաստանի և Արցախի ղեկավարությունների միջև լարվածությունը թուլացե՞լ է, թե ոչ։

Հայաստան-Արցախ լարվածություն չի կարող տեղի ունենալ, սա աննորմալ երևույթ է։ Մենք մեկ հայրենիք ենք, մեկ ժողովուրդ ենք։ Իրավիճակը ստիպել է, որ երկու պետություն ունենանք, բայց ինչպե՞ս կարող է Հայաստանի ու Արցախի միջև լինել հակամարտություն կամ ինչ-որ լարվածություն։ Իսկ ընթացիկ խնդիրներ եղել են, կլինեն, բայց ես համոզված եմ, որ այդ խնդիրները չեն կարող ազդել մեր միասնականության վրա։ Որևէ մեկն իրավունք չունի այնպես անել, որ այդ լարվածություն ավելի խորանա։ Դա անթույլատրելի է։

Վիտալի Բալասանյանը հայտարարել է Համաժողովրդական շարժում ստեղծելու մասին։ Ձեզ համար պա՞րզ է, թե դա ինչ շարժում է, ինչ է իրենից ենթադրում, ինչ նպատակ է հետապնդում։

Դա ցույց կտա ժամանակը։ Հասկանալի է, որ քաղաքական գործընթացներ են սկսվում, ձևավորվում են տարբեր քաղաքական ուժեր, տարբեր միավորումներ։ Դա բնական է ժողովրդավարական հասարակությունների համար, բայց դեռևս ժամանակ է պետք, որպեսզի պարզ լինի, թե այս կամ այն քաղաքական ուժն ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու և ինչպիսի քայլեր է ձեռնարկելու։ Այս պահին դեռևս եղել է հայտարարություն, պետք է սպասենք տեսնենք գործնական քայլերն ինչպիսին կլինեն։

Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ չի ուզում այլևս քաղաքականությամբ զբաղվել։ Ձեզ համար համոզի՞չ են նրա փաստարկները։

Եթե այդպես է հայտարարել, ուրեմն այդպես է գնահատում։ Ժամանակը ցույց կտա։

Բակո Սահակյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշեց, որ եթե կան չհասկացված խնդիրներ, եկեք նստենք, խոսենք։ Հնարավո՞ր է՝ առաջիկայում ՀՀ իշխանությունների հետ հանդիպում լինի։

Կտեսնենք, ժամանակը ցույց կտա։ Բայց ընդհանրապես երկխոսությունը, կայուն կապերի խորացումը անհրաժեշտություն է, դա չպետք է պայմանավորված լինի անձնական քմահաճույքներով։

x