ՍԴ–ն մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը |news.am|

news.am:  Սահմանադրական դատարանը երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը։ Հայտնել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը, ղեկավարվելով Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետով որոշել է ուսումնասիրություններ կատարելու նպատակով 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով դիմել ՍԴ։ Բացի դա դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից:

 

x