Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ պաշտպանն այսօր վերաքննիչ բողոք կներկայացնի |azatutyun.am|

Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով անցած շաբաթ կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ այսօր բողոք կներկայացվի Վերաքննիչ դատարան։ 

«Իրավաբանորեն հագեցած փաստաթուղթ եմ կազմել, եթե այդ փաստաթուղթն օրենքով սահմանված կարգով քննարկվի, պիտի որ դրան ճիշտ իրավական լուծում տրվի», - ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։

Երեկ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս։ Հարցին, թե ի՞նչն է խնդիրը, պաշտպանը պատասխանեց. - «Օգտվում է ցուցմունք չտալու՝ լռելու իր իրավունքից»։

Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի սպանությունների գործով 11 տարվա մեջ առաջին մեղադրյալն է։

x