Հոկտեմբերի 1-ին սպասում ենք ՌԴ նախագահի այցին Հայաստան. ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված մեր երկրի ձգտումները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանում բարձր են գնահատել տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ միությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելու նպատակով: Եւ մենք տեսնում ենք Հայաստանի նախագահության ձգտումը, արժանի կերպով անցկացնել ընթացող տարին: Դրա ապացույցն է այստեղ հաջող անցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Ինչպես գիտեք, որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացնել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, այսինքն՝ երկրների ղեկավարների մակարդակով: Իհարկե, մենք այդ առիթով սպասում ենք ՌԴ նախագահի այցին»,- ասաց դեսպանը:

Կոպիրկինը կարեւորեց նաեւ հունիսի 10-ին ԵԱՏՄ-ի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումները:

«Երեկ ՀՀ Ազգային ժողովում ընթացան ԵԱՏՄ ինտեգրացիոն խնդիրների վերաբերյալ առաջին խորհրդարանական լսումները: Անցավ առարկայական քննարկում կառավարության անդամների, ԵԱՏՄ անդամ երկրների եւ ՉԺՀ դեսպանների, փորձագետների, հասարակական սեկտորի անդամների միջեւ, այսինքն՝ այն մարդկանց, ովքեր առնչվում են ԵԱՏՄ-ում Հայաստանի ինտեգրացիային: Պետք է ասեմ, որ մեր երկրների ղեկավարները պարբերաբար շփման մեջ են մեր ընդհանուր ինտեգրացիոն միությունների համատեղ միջոցառումների շրջանակում»,- ասաց ՌԴ դեսպանը:

Կոպիրկինը նշեց, որ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին տնտեսական հիմնական գործընկերը. «2018 թվականի տվյալներով մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 11%-ով՝ հասնելով գրեթե 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է Հայաստանի ներքին առեւտրի ավելի քան 27%-ը: Սա հիանալի ցուցանիշ է»,- ասաց Կոպիրկինը:

x