ՊՈԱԿ-ների հետ հարաբերությունները կփոխվեն, մենք ոչ մի առճակատման չենք գնալու. Նարինե Թուխիկյան |tert.am|

tert.am։ Խնդիրները շատ են, բայց բոլոր խնդիրները լուծելի են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակված, նախկին ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան):

Նա նշեց, որ դեռ մի քանի ժամ է ինչ նշանակվել է փոխնախարար, և մի քանի րոպեում դժվար է ներկայացնել սպասվող ծրագրերը: «Անշուշտ տեսլականը կա, տարբեր ոլորտներ իրենց լուծումներն են ուզում` օրենսդրական կարգավորումներ, կառավարման խնդիրներ, աշխատանքի նկատմամբ թե՛ նախարարության ներսում, թե՛ ստեղծագործողների հետ հարաբերությունների վերակազմավորում»,-ասաց նա և կարևորեց մարդկանց հետ ճիշտ հարաբերվելը:

Ըստ նրա` մշակույթի ոլորտը միացնելով կրթության և գիտության նախարարությանը, դրանից մշակույթը չի տուժի: «Ընդհակառակը, այդ միավորումով իրենք ներդաշնակորեն սերտաճած կգնան, քանի որ հնարավոր չէ պատկերացնել մշակույթը առանց կրթական տարրի և հակառակը, այնպես որ կրթությունը և մշակույթը շատ համահունչ են»,-ասաց Թուխիկյանը:

Ինչ վերաբերում է Մշակույթի նախկին նախարարության պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ծրագրերը շարունակելուն, նորանշանակ փոխնախարարը նշեց. «Մենք կառուցողական դաշտ ենք մտնում, և եթե կան ծրագրեր, որոնք սկսված են, որոնց նկատմամբ Հայաստանը միջազգային պարտավորություններ ունի, այդ բոլոր ծրագրերը պետք է նայենք և առաջ շարժվենք»:

Նա նշեց, որ որոշ մոտեցումներ աշխատանքի նկատմամբ կփոխվեն:

«ՊՈԱԿ-ների հետ հարաբերությունները կփոխվեն: Մենք ոչ մի առճակատման չենք գնալու, նորմալ հարաբերություններ պետք է ստեղծենք ոլորտում գործող կազմակերպությունների հետ»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am

x