Մանկապարտեզի աշխատանքից ազատված տնօրենը դիմելու է դատարան, վերականգնվելու դեպքում դիմում գրի եւ հեռանա |armtimes.com|

armtimes.com Էջմիածնի քաղաքապետի կարգադրությամբ հունիսի 3-ին պաշտոնից ազատվել է N11 «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Մարիամ Ավետիսյանը: Նա դա համարում է իր իրավունքների ոտնահարում ու հարված ինքնասիրությանը: Պատրաստվում է քաղաքապետի կարգադրությունը վիճարկել դատական կարգով: Բայց եթե վճիռը լինի իր օգտին, ու դատարանը քաղաքապետից պահանջի վերականգնել պաշտոնում, այդ ժամանակ արդեն Մարիամ Ավետիսյանն ինքն է պաշտոնից ազատման դիմում գրելու: Ասում է՝ նման քաղաքապետի հետ աշխատել չի կարող: «Ես կառչած չեմ իմ աթոռին»,- վստահեցնում է նա:

Մանկապարտեզի արդեն նախկին տնօրենը համոզված է, որ քաղաքային իշխանությունները հատուկ նպատակադրում են ունեցել ազատվել իրենից եւ տեւական ժամանակ աշխատել են այդ ուղղությամբ, փնտրել խախտումներ ու չարաշահումներ:

«Աշխատել եմ տարբեր քաղաքապետերի հետ: Ներկայիս քաղաքապետ Դիանա Գասպարյանը պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից, առանց ուսումնասիրելու մեր մանկապարտեզի աշխատանքը, հատկապես իմ աշխատանքի որակը, անընդհատ բաց տեքստով հայտարարում էր, որ ես չեմ վստահում ձեզ, չեմ կարող ձեզ հետ աշխատել, պետք է դուրս գաք:

Ասում էր՝ կասկածներ ունեմ: Ես էլ կարող եմ ու շատ գեղեցիկ ասել եմ՝ ես էլ ձեզ եմ կասկածում: Մեջբերում եմ իր խոսքերը. «Եթե նախկին քաղաքապետը պահանջեր՝ դիմում գրեք, դուրս եկեք, դուք դուրս կգայի՞ք»: Ես ասացի՝ նախկին քաղաքապետը աշխատողին հարգում էր, երկրորդն էլ՝ դուք նախկի՞ն եք: Բա տարբերությունը որն է»,- մեզ հետ զրույցում նշեց N11 մանկապարտեզը շուրջ 15 տարի ղեկավարած Մարիամ Ավետիսյանը:

Դրանից առաջ, ըստ նրա, քաղաքապետարանի աշխատակիցները այցելել են մանկապարտեզ, ստուգումներ արել: Հայտնաբերած թերությունը եղել է այն, որ բորշի միջից հանել են եփած միսը, կշռել ու պարզել, որ քաշը ցածր է: «Բնական է, եփելուց հետո միսը 40 տոկոսով պակասում է»,- փաստեց Մարիամ Ավետիսյանը՝ հղում անելով տարբեր դասընթացների ընթացքում իրենց փոխանցված տվյալներին: Այլ անհամապատասխանություն, ըստ նրա, չի հայտնաբերվել: «Դրանից հետո պահեստում բոլոր մթերքները կշռեցին, 10 գրամի տարբերություն չտվեց»,- ասաց նա: Այդուհանդերձ, այս ստուգումներին հետեւել է տույժ-նկատողությունը:

Մարիամ Ավետիսյանի խոսքով, տեսնելով անպայման չարաշահումներ գտնելու քաղաքապետարանի միտումը՝ մանկապարտեզում սահմանել է ծնողական խիստ հերթապահություն: Ամեն առավոտ ծնողներից մեկի ներկայությամբ կազմում են օրվա ճաշացանկը, պահեստից ստանում են անհրաժեշտ մթերքը՝ ըստ առողջապահության նախարարության հաստատած չափաբաժնի: Այնուհետեւ ծնողի ներկայությամբ առավոտյան պատրաստվում է թե՛ նախաճաշը, թե՛ ճաշը եւ թե՛ հետճաշիկը: «Ծնողը տեսնում է՝ կարագը ինչպես լցվեց, սոխը ինչպես լցվեց եւ այլն: Վերջում երկու տեղ ստորագրում է եւ գնում»,- հավելեց աշխատանքից ազատված տնօրենը:

Քաղաքապետարանի աշխատակիցների հերթական այցելություն-ստուգումը եղել է մայիսի 23-ին: Տնօրենի փոխանցմամբ, այդ օրն առավոտյան մանկապարտեզ էր հաճախել 98 երեխա: Բայց 13-ին ծնողները երեխաներին եկել-տարել են մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, ինչի պատճառով էլ քաղաքապետարանի աշխատակիցները հայտնաբերել են անհամապատասխանություն: Մարիամ Ավետիսյանը նկատում է, որ երեխաներից 11-ի ծնողը նրանց ժամանակից շուտ տանելու համար գրավոր դիմում է ներկայացրել, բայց միեւնույն ժամանակ էլ փաստում է, որ այդ դիմումները կարող էին նաեւ չլինել, որովհետեւ նման կարգադրություն կամ ցուցում իրենք չունեն: Ի դեպ, հետճաշիկից առաջ երեխային տուն է տարել նաեւ այդ օրվա հերթապահ ծնողը, քանի որ պարի խմբակ պետք է գնար:

Մարիամ Ավետիսյանը շեշտում է, որ անկախ այն բանից, թե օրվա վերջում քանի երեխա է մնացել, նրանց բոլորի հաշվով մթերքն առավոտյան դուրս է գրվել, սնունդը պատրաստվել, հացը կտրատվել, ինչում համոզվել են նաեւ ստուգողները: «Կշռել է, հաստատել, որ համապատասխանում էր առավոտյան տված թվի հետ՝ 840 գրամ»,- ասաց նա:

Էջմիածնի N11 «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Մարիամ Ավետիսյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարվել է այդ ստուգայցից հետո: Քաղաքապետի կարգադրության մեջ նաեւ դրան է հղում արվում ու մասնավորապես նշվում տնօրենի նկատմամբ վստահությունը կորցնելու մասին. «Այն է՝ ապրանքային արժեքներ սպասարկելիս աշխատողը կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս»:

 

Շարունակությունը՝ armtimes.com

x