ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառի |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ եթե Թուրքիան ավարտին հասցնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնումը, ապա Վաշինգտոնը կկիրառի CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը:

«Լուրջ հետևանքներ կարող են լինել, այդ թվում նաև՝ պատժամիջոցներ»- ասել է Օրտագուսը, երբ բրիֆինգի ժամանակ անդրադարձել է ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առաջացած ճգնաժամին:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Թուրքիան իրենց դաշնակիցն է, ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր երկիր է, բայց դրանով հանդերձ ռուսական համակարգերի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել:

Օրտագուսը մասնավորապես ասել է. «Եթե Թուրքիայն կյանքի կոչի S-400-ների գնումը, ապա շատ լուրջ, շատ բացասական հետևանքների առաջ կկանգնի: Դրանք են՝ F-35 կործանիչների գնումը, այդ ծրագրին թուրքական արդյունաբերության մասնակցությունը և CAATSA օրենքով նախատեսված պատժամիջոցները: Դա շատ լուրջ է, շատ իրական և մենք շարունակում ենք ծայրաստիճան հետևողական լինել այս խնդրում»:

Նշենք, որ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքը ԱՄՆ-ն կիրառում է նաև Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի նկատմամբ:

x