Իվան Գոլունովի քրեական հետապնդումը դադարեցվել է

«Մեդուզա» լրատվական կայքի թղթակից Իվան Գոլունովի գործը կարճվել է, լրագրողին ազատ են արձակել՝ չկարողանալով ապացուցել մեղադրանքը։ Հիշեցնենք, որ Գոլունովը ձերբակալվել էր թմրամիջոցների մեծ քանակի վաճառքի մեղադրանքով, որից հետո տեղի ունեցած մասսայական ակցիաներից հետո լրագրողի դեմ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Գոլունովի դեմ քրեական գործի կասեցման մասին տեղեկացրել է ռուսական 3 խոշորագույն  լրատվամիջոց՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին։ Կոլոկոլցևը տեղեկացրել է նաև, որ բոլոր մեղադրանքները հանված են, ու արդեն երեքշաբթի լրագրողն ազատ կարձակվի տնային կալանքից։ 

Բացի այդ, Կոլոկոլցևը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել Գոլունովի գործով զբաղվող իրավապահներին ազատել աշխատանքից՝ ներառյալ Մոսկվայի Ներքին գործերի նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետի, ինչի մասին հաղորդագրությունն ուղարկվել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։

x