Սարի թաղի անկարգությունների գործով արդարացված քաղաքացին դատի է տվել ՀՀ կառավարությանը |news.am|

news.am: Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված ու մեկ ամիս անց ազատ արձակված Գարիկ Առուստամյանը դիմել է դատարան և փոխհատուցում է պահանջում ՀՀ կառավարությունից իր իրավունքների խախատման համար։ 

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսին Գարիկ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ 2018թ. հունիսին ՀՔԾ-ն Գարիկ Առուստամյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցրել էր՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Առուստամյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանն ասաց, որ այս որոշումից հետո իր վստահորդը դիմել է դատարան՝ ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի խախտման հանգամանքը ճանաչելու և փոխհատուցում տրամադրելու պահանջով։

Որպես փոխհատուցում՝ Առուստամյանը կառավարությունից 2 մլն դրամ է պահանջում։

Հայցադիմումն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանին։

Գործով առաջին դատական նիստը կայացել է այսօր։

x