Երեւանը պարտավոր է կոշտ միջամտություններով չեզոքացնել Արցախում գլուխ բարձրացրած քրեական խուժանին․ Քանանյան |armtimes.com|

armtimes.com։ Այսօր Արցախում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Լեւոն Մնացականյանը նշանակվել է ոստիկանապետ, իսկ նրա փոխարեն արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն է նշանակվել Վլադիկ Խաչատրյանը:

Արդեն նախկին ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ազատվել է աշխատանքից:

Բալասանյանը, հիշեցնենք, մասնակցելու է նախագահական ընտրություններին եւ իր շրջապատում էլ հայտարարել էր, որ ամռանը աշխատանքից ազատվելու է՝ քաղաքական պայքար սկսելու համար:

«Երեւանը չպետք է խուսափի պատասխանատվությունից»,- այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

Պարոն Քանանյան, տեղեկություններ ունե՞ք, թե ինչով են պայմանավորված կադրային փոփոխությունները Արցախում: 

Միեւնույն անձանց պաշտոնից պաշտոն շարունակաբար տեղափոխելը Բակո Սահակյանի, իսկ մինչ այդ՝ Արկադի Ղուկասյանի կառավարման սովորական ոճն էր, որի մեջ պետական շահի տեսանկյունից որեւէ տրամաբանություն որոնելն անիմաստ է։

Իսկ հեղափոխությունից հետո՝ ի դեմս Սերժ Սարգսյանի վարչախմբի բնական հենարանից զրկված եւ չորրորդ ու հինգերորդ ժամկետով կառավարելու հույսը կորցրած Բակո Սահակյանը, առհասարակ, տարերայնորեն է գործում՝ պահի ընթացիկ եւ երբեմն միայն իրեն հայտնի սուբյեկտիվ հաշվարկներից ելնելով։

Կադրային անընդհատ փոխատեղումները լավագույնս վկայում են Բակո Սահակյանի այժմյան անմխիթար հոգեվիճակի եւ իր կառավարման ժամանակաշրջանի անփառունակ ավարտի մասին։

Նախկին ՊԲ հրամանատար, ապա ԱԻ նախարար Լեւոն Մնացականյանի՝ Արցախի ոստիկանապետ նշանակումն ամենայն հավանականությամբ կապված է Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության աճի հետ։ Ենթադրվում է, որ մոտ ապագայում նա ջանալու է հազարավոր մարդկանց փողոց հանել եւ մի քանի հնարավոր սցենարով իշխանության «հեղափոխական» տապալմանը միտված գործողություններ կատարել։

Բակո Սահակյանին ոստիկանապետի պաշտոնում հարկավոր է Բաբայանի դեմ կոշտ ուժային գործողություններին պատրաստ «հեղինակավոր» գեներալ։

Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է դարձել: Որոշ շրջանակներ փորձում են դավադրություններ փնտրել այս ամենի մեջ, սակայն հայտնի է, որ Բալասանյանը ցանկանում է նախագահական ընտրություններին մասնակցել, արդյո՞ք այս ազատումը հենց դրանով է պայմանավորված, թե իսկապես ներքին խնդիրներ կային: 

Վիտալի Բալասանյանը համարվում է բակոյամերձ «ուժայինների» շրջանակի հնարավոր թեկնածուներից մեկը։ Բայց չպետք է կարծել, որ նա նրանց նախապատվելի թեկնածուն է։ Բակո Սահակյանի ամենամտերիմ «ուժայինը» նախկին ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանն է, բայց վերջինիս նախագահական «անցանելիությունը» սակավահույս է դիտվում՝ ԱԱԾ-ական «սպեցնազի»՝ քաղաքացիների դեմ երկար տարիների գործած սանձազերծ բռնությունների պատճառով։

Մյուս կողմից՝ մի քանի անգամ «ընդդիմադիր» եղած, ապա իշխանությունների պաշտոնակալ առաջարկներին անձնատուր եղած եւ վարչական բռնաճնշումներին ենթարկված կողմնակիցների ճակատագրի հանդեպ անտարբերություն դրսեւորած Վիտալի Բալասանյանն Արցախում վաղուց նախագահ ընտրվելու համար ժողովրդական աջակցության անհրաժեշտ պաշար չունի։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանություններին հորդորել է պաշտպանել նրա թեկնածությունը՝ որպես ժողովրդական լայն զանգվածների համար համեմատաբար մարսելի թեկնածու։ Բայց դրանից հետո Վիտալի Բալասանյանի՝ տարրական քաղաքական ողջամտությունից զուրկ անհավասարակշիռ զեղումները համարյա զրոյացրել են սպասվող ընտրություններում նախագահ ընտրվելու վերջինիս ի սկզբանե իսկ խիստ համեստ հավանականությունը։

Վիտալի Բալասանյանը վերջին ամիսներին Բակո Սահակյանի համար դարձել է պարբերական գլխացավանք առաջացնող «բալաստ», որից էլ նա, կարծես թե, բարեհաջող ազատվել է։ Այժմ Վիտալի Բալասանյանը՝ հայտնի տնտեսական հանցագործ՝ նախկին վարչապետ-պետնախարար Արայիկ Հարությունյանի պես պետական պաշտոնյա չէ եւ կարող է լիովին «նվիրվել» իր պարագայում միանգամայն անհույս եւ խիստ վաղաժամ սկսված նախընտրական պայքարին։

Թեեւ, եթե վաղը կամ մյուս օրը մենք լսենք նրա նոր նշանակման մասին, նույնպես զարմանալու առիթ չենք ունենա։ Այս իրավիճակում Բակո Սահակյանն ամիսը կամ շաբաթը մեկ կարող է նշանակումների արատավոր շրջապտույտի հերթական զավեշտի մեջ ընկնել։

Կարծես թե նախագահական ընտրությունների ընտրարշավն Արցախում բավականին վաղ է մեկնարկել: Ինչո՞ւ են թեկնածուներն այդքան շտապում:

Արցախում 1992 թվականից բնականոն ազատ ընտրություններ չեն եղել։ Մարզի պատմության մեջ առաջին անգամ Երեւանը, կարծես թե, ուղղակիորեն չի միջամտելու, այլ, ընդամենը, ջանալու է նպաստել ընտրությունների ազատությանը։ Առաջին հայացքից, թվում է, որ սա դրական եւ սկզբունքային մոտեցում է։

Ցավոք, իրականությունն այլ է։ Երկուս ու կես տասնամյակ հայաստանյան հասարակությունից արհեստականորեն անջրպետված, համապարփակ վարչական ու ոստիկանական ճնշման ներքո ապրած արցախաբնակ ՀՀ քաղաքացիներն այսօր էլ գտնվում են վարչական եւ ուժային մարմինների, տարատեսակ տեղական քրեական ու մերձքրեական հեղինակությունների որոշիչ ազդեցության տակ։

Բակո Սահակյանը չի կարող երաշխավորել իսկապես արդար եւ հավասար ընտրությունների անցկացումը։ Երեւանը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, Արցախն էլ՝ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Երեւանը՝ գոնե ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի կարգավիճակով պարտավոր է անմիջական, կոշտ եւ հետեւողական միջամտություններով չեզոքացնել Արցախում գլուխ բարձրացրած քրեական խուժանին, հայտնի տնտեսական հանցագործներին եւ, հատկապես, արտաքին շահագրգիռ տերության սադրմամբ պետական դավաճանության սահմանագիծը հատած «կամանդույուշիներին»։

Հայաստանի նոր կառավարությունը, թեպետեւ աններելի ուշացմամբ, պետք է ի վերջո ըմբռնի, որ մենք ոչ միայն փաստացի, այլեւ իրավականորեն մեկ անտրոհելի միասնական պետություն ենք։ Եւ թող չլինեն պատրանքներ․ Արցախում իրավիճակին չտիրապետող, այսինքն՝ Արցախի համար լիակատար քաղաքական պատասխանատվությունից խուսափող երեւանյան վարչախումբը քաղաքական ապագա չունի։

Շարունակությունը՝ armtimes.com

 

x