Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում դեռ հետազոտվում է. պաշտպան |news.am|

news.am։ «Մարտի 1»–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում դեռ հետազոտվում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանում, ի պատասխան դատավոր Տիգրան Սահակյանի հարցի, ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ Մոսկվայի կլինիկական հիվանդանոցի կողմից տրված ախտորոշման համաձայն, Վահագն Հարությունյանը պետք է սրտի ամբողջական հետազոտության ենթարկվի, որ ի վերջո որոշվի նրան ստենտավորման ենթարկելու հարցը։

Այսօր Վերաքննիչ քրեկան դատարանում ընթանում էր Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանի որոշմամբ՝ այսօրվա նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 25–ին։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ մարտի 11-ի որոշումը, որով նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։ Պաշտպանը միջնորդեց կայացնել նոր դատական ակտ, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իր կողմից կայացված հետախուզում հայտարարելու որոշումը։

x