Չենք կարող միանշանակ պնդել, որ արդեն իսկ չկան թաքնված աշխատատեղեր. ԱԺ հանձնաժողովում քննարկվում է համահարթ եկամտահարկի խնդիրները |tert.am|

tert.am։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում համահարթ եկամտահարկի թեմայով քննարկում է, որին մասնակցում են մի շարք ոլորտի մասնագետներ:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հակիրճ ներկայացրեց համահարթ եկամտահարկի առավելությունները:

Նրա խոսքով՝ սոցիալական արդարության, եկամուտների վերաբաշխման տեսանկյունից պրոգրեսիվ հարկման մոդելն այլընտրանք չունի՝ վերահաստատելու, ապացուցելու կամ հակառակում համոզելու կարիք էլ չկա: Փոխնախարարը հարց բարձրացրեց՝ արդյոք մենք ստեղծված իրավիճակում կարող ենք ներդնել և կիրառել իրապես պրոգրեսիվ համակարգ:

«Տարիներ ի վեր ունեցել ենք պրոգրեսիվ հարկման սանդղակ, բայց իրականությունը բոլորովին այլ է: 2018 թվականի ամփոփված տվյալներով մեր վարձու աշխատողների 71.4 տոկոսը գտնվում է առաջին սանդղակում, վերջին սանդղակում գտնվում է 0.2 տոկոսով՝ 1320 մարդ և մի փոքր խումբ գտնվում է միջին օղակում: Սա հիմք է, որ մենք չունենք պրոգրեսիվ հարկման համակարգ, փոխարենն ունենք եկամտահարկի նոմինալ բարձր դրույքաչափեր:

Պրոգրեսիվ հարկման մոդելի, մեր համոզմամբ, կարելի է գալ ոչ թե պրոգրեսիվ սանդղակներով, այլ չհարկվող շեմ ունենալով, որովհետև չհարկվող շեմը ի տարբերություն պրոգրեսիվ դրույքաչափերի սանդղակի, չի ստեղծում շարժառիթներ՝ ամեն գնով ցածր սանդղակում մնալու: Ավելին՝ քանի որ չհարկվող շեմը ռեգրեսիվ բնույթ ունի, 100 հազարի մեջ 55 հազար չհարկվող շեմի կշիռն ավելի մեծ է, քան մեկ միլիոնի մեջ, մոտիվացիա չկա այս պայմաններում»,- ասաց փոխնախարարը՝ նշելով, որ կան հաշվարկներ անգամ 600 հազար աշխատողի օրինակով:

«Եթե հաշվելու լինենք նվազագույն աշխատավարձը չհարկելու սցենարը, տարեկան բացասական ազդեցությունը 91 մլրդ է: Եթե մենք չենք կարող վճարել 91 մլրդ դրամ գին ունենալու համար, որն իրապես պրոգրեսիվ համակարգ կլինի, եկեք գոնե մեզ համար կառավարելի հարկային ծախսով, որը 30 մլրդն է, լուծենք մյուս երկու խնդիրը՝ վերացնենք մոտիվացիան աշխատավարձերի թերհայտարարագրման, որը գործատուիների 15 տոկոսի մոտ է, երկրորդ՝ ներդրողին տանք, որ ունենք ավելի ցածր եկամտահարկ»,- նշեց նա:

Պողոսյանը նկատեց՝ թյուրընկալում կա, որ շահառուները բարձր աշխատավարձ ստացողներն են, սակայն փոխնախարարը հավաստիացրեց՝ հիմնական շահառու համարվում են գործատուները:

Տնտեսագետ, ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը փոխնախարարից հետաքրքրվեց՝ ստվերային տնտեսության գնահատականը որքան է մեր երկրում, որքան են ոչ ֆորմալ զբաղվածության ցուցանիշն ու ոչ ֆորմալ վարձատրությունը:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ կխոսի միայն աշխատավարձից, քանի որ դա է միայն այսօրվա օրակարգին վերաբերում:

«Ստվերային տնտեսություն ասելով՝ աշխատավարձերի մասը նկատի ունեք երևի, որովհետև մնացած հատվածը մեր քննարկման օրակարգին չի առնչվում»,- նշեց նա և անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 50 000 աշխատատեղ է հայտարարագրվել:

«Վարչապետի այդ հայտարարությունը տարբեր տեսանկյուններից քննարկվել է: Կարծիք կար, որ դրույքաչափերը չվերանայելով 50 հազար 160 աշխատատեղ լրացուցիչ հայտարարագրվեց, հետևաբար, դա չէ վճռորոշ գործոնը՝ աշխատավարձերը իրական դաշտ բերելու, հայտարարագրելու, բա էլ ինչի՞ համար ենք մենք սա անում»,-ասաց Արման Պողոսյանը:

Շարունակությունը՝ tert.am

x