Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին։

Ալումյանը հայտարարեց՝ կասկածելի են համարում դատախազ Պետրոս Պետրոսյանի երկու վերաքննիչ բողոքների մակագրումը հենց Արմեն Դանիելյանին, նշելով, որ վերջինս բավարարում է դատախազների բողոքները։

Հայտարարելով, որ սա հանցագործություն է՝ Քոչարյանը ևս հորդորեց դատավորին ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը։

«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չի առանց ինքնաբացարկի։ Բավական հիմք է ներկայացված, ես ծանոթ եմ այդ քննիչի նյութերին, դա ուղղակի նկարած բան է, կոմպյուտերի միջամտությունը կարծում եմ եղել է, սա հանցագործություն է, և նույնիսկ տարիներ անց այդ հետքերը մնալու են այդ համակարգչի մեջ և հնարավոր է լինելու պարզել, թե ինչ է կատարվում։

Էն գլխից այս ամենը բացառելու համար, հորդորում եմ Ձեզ՝ առանց անդրադառնալու, առանց անձնավորելու, ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը», - ասաց Քոչարյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հակադարձեց` դատավորների մակագրման գործընթացին միջամտելը հանցագործություն է, և կասկածներով դատարանին տանել ինքնաբացարկի՝ անլրջություն։

Դատավորը հետաձգեց նիստը՝ կողմերին գործի նյութերին լիարժեք ծանոթանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին, ժամը 10։30-ին։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր պետք է քններ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

x